Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններին։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը եւս հայտարարել է, թե Բաքուն սպասում է Երեւանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը եւ պատրաստ կլինի այդ դեպքում ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանն, ըստ Հաջիեւի, առաջարկում է Հարավային Կովկասի ինտեգրացված մոդել: «Այսօր Հարավային Կովկասը շատ է մասնատված, անհրաժեշտ են նոր կապեր, մարդկանց միջեւ նոր շփումներ»,- ասել է Հաջիեւը: Նա խոսել է նաեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի կարեւորության մասին, նշելով, թե կան այդ գործընթացի մոտալուտ մեկնարկի մասին վկայող ազդակներ:
Ադրբեջանի նախագահը ապրիլի 22-ին Շուշիում աշխարհասփյուռ ադրբեջանցիների համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի եւ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Հայաստանում երբեմն գլուխ բարձրացնող ռեւանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի համար միակ ելքն է եւ գուցե վերջին հնարավորությունը: Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե ինչի կհանգեցնի այդ քայլը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիեւը հայտարարել է նաեւ, թե «Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները դեռ Մինսկի խմբի մասին են խոսում: Կարծում եմ՝ սա անիմաստ է: 1992-ին հակամարտության կարգավորման համար մանդատ ստացած այս խումբը փաստացիորեն ոչ մի արդյունքի չհասավ»: