Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան: Դիվանագետը հավելել է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվան իր դերակատարումը տեսնում է երկու երկրների դիրքորոշումների մոտեցման գործում:
Զախարովան նշել է, որ ներկայում զուգահեռաբար գործում են ինչպես Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, որը ներկա պահին հստակ արդյունավետություն չի դրսեւորում: Մոսկվան, ըստ ռուս դիվանագետի, նախընտրում է իրավիճակի կարգավորման այն ձեւաչափը, որը ձեռնտու է թե՛ Երեւանին, թե’ Բաքվին եւ հետեւաբար՝ Ռուսաստանին։
Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի եւ Երեւանի հետ բոլոր ուղղություններով, դրանց թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:
«Ընդգծում ենք երկու կողմերի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջելու. այս հարցերով նախապատրաստվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստն առաջիկայում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ըստ նրա՝ ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միմյանց ընդառաջելու, մշակվում են եռակողմ շփումներ այդ թեմայով:
«Ակնհայտ է, որ տարբեր ձեւաչափերով իրական աշխատանքը արդյունք է տալիս: Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձեւաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքն ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձեւաչափերին եւ իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես»,- եզրափակել է Զախարովան: