Ազատության հրապարակը վերածվել է ազգափրկության յուրատեսակ նոյյան տապանի, որտեղ ամեն կողմից իրար գլուխ հավաքված բազմատեսակ ու բազմագույն ուժեր ու գործիչներ Արցախի, «համայն հայ ազգի», Հայաստանի ու սփյուռքի փրկության իրենց տաղավարներն են դրել։ «Էստի համեցե՛ք» կանչելով՝ նրանք փորձում են անել անհնարինը։ Այն է՝ անբովանդակ ընդդիմությանը երկրորդ շունչ ու կյանք տալ։
Բովանդակազուրկ ընդդիմությունը, որը, չունենալով խոսքի նորություն եւ հանրային անհրաժեշտ վստահություն, որոշել է ուղղակի կրկնօրինակել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների փաշինյանական «հրաշքը»։ Բայց մոռանում են, որ ձեւի կապկումը առանց բովանդակության պարզապես ապաքաղաքական ծես է։ Պայքարի իմիտացիա հանուն իմիտացիայի։ Դասական սիմուլյակր։
Տոնակատարությունը բացողը Արթուր Վանեցյանն էր, որը ժամ առաջ որոշեց «իրենով անել» Ազատության հրապարակը՝ կարծես թե վախենալով այս անգամ էլ հետ մնալ հեղափոխական շարժերից եւ անմասն մնալ նոր իշխանափոխությունից։ Հետո արդեն միացան տարատեսակ մերձքաղաքական պրոֆիլի կուսակցություններ եւ աժիոտաժ ապահովող ֆոնային ուժեր, անհատ հացադուլավորներ ու կոլեկտիվ ժինգյալակերներ։ Այս ամենն, իհարկե, փաշինյանական հայտնի «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» ֆոնին։
Բայց էլ ինչ փրկչական շարժում առանց բազմաչարչար «մտավորականության»։ Առանց արդեն ավանդական դարձած ստորագրահավաք-պահանջագրերի եւ խոր ու համապարփակ մտահոգության ընդդեմ Հայաստանի իշխանությունների ու նրանց ազգադավ քաղաքականության։
Եվ մտավորականության հոգու խոսքը ճայթեց, ինչպես ամպրոպը անամպ երկնքում: Խորհրդային նոմենկլատուրայի լավագույն ոգուց սերած վարչարարները, որոնք իրենք իրենց մտավորական են կոչել եւ գիշերուզօր պայքարում են պետբյուջեի մնացուկների եւ կալորիաների հավասար բաշխման համար, որոշել են փրկել Արցախն ու գործող իշխանություններին հետ պահել «ազգակործան որոշումներից», թուրքամետ քայլերից եւ ազգային իղձերին դավաճանելուց։
Մի աստղաբույլ, որն իրեն կոչում է անկուսակցական անհատներ։
Անկուսակցական են իրենց համարում Արցախի եւ Հայաստանի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ՝ 2006 թվականից ՀՀԿ անդամ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ, թալիշների ապստամբության եւ Ադրբեջանի մասնատման գաղափարախոս Վարդան Ոսկանյանը, քաղաքական ծոմի նոր սեզոն բացած Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ-ից ՕՐՕ նավարկած, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանակցություններում ստի նոր հորիզոններ նվաճած Վարդան Օսկանյանը, հայ պատմագիտության անբասիր վարկի անմռունչ մարտիկ, Մարտի 1-ի կեղծարարության հոգեհայր Էդիկ Մինասյանը, հակաթուրքականության ռահվիրաներ ու հայագիտության հերոստրատներ Աշոտ Մելքոնյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը։
Ավելին, այս փառապանծ փաղանգին են միացել վարչապետի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանը, մի փունջ նախկին արտգործնախարարներ, ադամանդագործությունը դիվանագիտական սկանդալի վերածած նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը եւ հայրենքի փրկությամբ մտահոգ ու ցավածոր բազմաթիվ այլ ուստրեր ու դուստրեր։
Իսկ վիճակն, իհարկե, օրհասական է։ Օրհասական այս անիմաստության ու դատարկության մեջ։
Այնքան աղետալի է հայոց պետականության ու հայ հասարակության վիճակը, որ նույնիսկ Արամ Սիմոնյանի պես հարմարվողականության աստծուն են հանել փրկչական ասպարեզ։
Պարզվում է, 13 տարի ԵՊՀ-ն որպես անձնական օգտագործման բուհ կառավարած Արամ Սիմոնյանը բողոքում է հայ երիտասարդների «անգրագիտությունից, կրթվածության պակասից եւ հեղհեղուկ աշխարհընկալումից»։
2006-ին ՀՀԿ կուսակցության անդամ, Սերժ Սարգսյանի հովանու ներքո Գագիկ Ղազինյանին հաղթած, ԵՊՀ ռեկտոր դարձած, ԵՊՀ-ն Հանրապետականացրած ռեկտորը, այն Արամ Սիմոնյանը, ով կանաչ լույս էր վառել ԵՊՀ-ում տարատեսակ մերձկուսակցական «սպարապետների» եւ «հայ արծիվների» բարգավաճման համար, բողոքում է երիտասարդների անգրագիտությունից ու հեղհեղուկ աշխարհայացքից։
Ուրեմն իր կառավարման 13 տարիների ընթացքում ԵՊՀ-ն գերգրագետ, քաղաքականապես գիտակից ու կուռ աշխարհընկալմամբ երիտասարդների է կրթել, գիտնականների ու քաղաքացիների է կրթել, սակայն, հակառակ իր ջանքերի, երիտասարդները մնացել են անգրագետ, անկիրթ եւ հեղհեղուկ աշխարհընկալմամբ։ Փարիսեցիության իսկական մաստերկլաս խորհրդային նոմենկլատուրայի արժանի զավակի կողմից։
Վերջում էլ Սիմոնյանը, ինչպես իրեն հարգող ցանկացած ազգափրկիչ ընդդիմադիր, ամբողջ պատասխանատվությունը դնում է ոչ թե իր պես թղթակից անդամների, ակադեմիկոսների, գիտության դոկտորների եւ դասախոսների վրա, այլ հասարակության։ Պարզվում է՝ խնդիրը հասարակությունն է: Հասարակությունը, ստացվում է, անտարբեր է, հիասթափված ու հարմարվողական։ Հասարակությունը փաստորեն չի ապրում «հայ ազգի կենսական շահերով»:
Ցավոք, որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդահայ նոմենկլատուրայի այս արժանի զավակներին «մտավորական» կոչի եւ նրանց հետ կռվի, ինչպես Դոն Կիխոտն էր կռվում հողմաղացների դեմ, նրանք դրանից մտավորական չեն դառնա։ Իսկ մտավորականի դասական ու ամենաիսկական տեսակը ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ Միշել Ֆուկոն է։ Համալսարանում նա իր ուսանողներին բացատրում էր՝ որն է պետության ու քաղաքացու հանրային հարաբերությունների դերն ու կարեւորությունը, ինչպես են այդ մեխանիզմներն աշխատում, իսկ դասախոսություններից հետո իր իսկ ուսանողների ու համախոհների հետ գնում էր ֆրանսիական արդարադատության նախարարության շենքի մոտ քաղաքացիական ցույցի՝ պահանջելով փոխել կալանավայրերում պահման պայմաններն ու վերաբերմունքն ազատազրկված անձանց հանդեպ, պահանջելով բարեփոխել հարկադրանքի պետական ապարատը եւ պետություն-քաղաքացի հարաբերությունների ողջ սպեկտրը։
Իսկ մեր հարգելի մտավորականներն ու իրենց գաղափարակից դիվանագետներն իրենց դասաժամերին արգելում էին ուսանողներին միանալ ընդդիմադիրների ցույցերին, փակում էին լսարանների ու համալսարանների դռները, ուսանողներին սպառնում հեռացմամբ եւ վարչական տույժերի ենթարկում անհամաձայն, ըմբոստ դասախոսներին։
Սա է այսօրվա իրավիճակը՝ ընդդիմադիր դատարկության անբովանդակ մտավորականներ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։