ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու համար հակամարտության վերսկսման հանգեցնող քայլեր։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարին խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Էնթոնի Բլինքենն ասել է, որ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով։ Պետքարտուղարը նշել է, որ բազմիցս զրուցել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:
Էնթոնի Բլինքենը ցանկանում է համոզվել, որ կողմերից որեւէ մեկը չի փորձի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը:
«Միեւնույն ժամանակ փորձել եմ աջակցել տեւական քաղաքական կարգավորմանը»,- նշել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաեւ երկու երկրների արտգործնախարարների հետ։