ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Lend-Lease օրինագծին, որը կոչված է զգալիորեն պարզեցնելու Ուկրաինային ԱՄՆ-ից զենք մատակարարելու ընթացակարգը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ օրինագծին կողմ է քվեարկել Կոնգրեսի 417 անդամ երկու կուսակցություններից, դեմ է քվեարկել Կոնգրեսի ընդամենը 10 անդամ։ Փաստաթղթին օրենքի ուժ հաղորդելու համար պակասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը։
Փաստաթղթով նախատեսվում է մինչեւ 2023 թվականը Ուկրաինային եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներին ամերիկյան զենք տրամադրել։ Միեւնույն ժամանակ Ուկրաինան ստիպված չի լինի մատակարարումների համար նախապես վճարել: Ի դեպ, Lend-Lease-ը թարգմանաբար նշանակում է «վարձով տալ»:
Ավելի վաղ, պատմության մեջ առաջին եւ միակ անգամ, Lend-Lease ծրագիրը գործել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Միացյալ Նահանգները ռազմական օգնություն էր ուղարկում նացիստական Գերմանիայի հակառակորդներին, հիմնականում Մեծ Բրիտանիային եւ ԽՍՀՄ-ին: