ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի եւ հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների հետ:
Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետեւողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսեւորումները, որոնք արտահայտվել են ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Շոշափվել են արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության, ինչպես նաեւ շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման եւ ուժի կիրառման դրսեւորումները։
Կողմերն անդրադարձել են էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսեւորումներին, ինչպիսիք են Բաքվի տխրահռչակ «Ավարի պուրակը», հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաեւ ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։
Քննարկվել են հայ ռազմագերիների հայրենադարձմանը նպաստող միջազգային իրավական գործընթացները
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձնելու ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։
Ռասիզմի եւ հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերը՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաեւ Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ քննարկվել են ընթացիկ ու ծրագրված գործողությունները, ինչպես նաեւ արդյունքների հասնելու համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։