ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:
Արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին: