Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաեւ որոշակի իրավական գործընթացներ:
Նախօրեին Քադիր Քարթալ անունով ոմն թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ նրա դեմ դատական գործընթաց սկսել մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար:
Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ հայ պատգամավորը, «ցեղասպանություն» բառը կիրառելով եւ օրինագիծ ներկայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել, ինչն, ըստ փաստաբանի, համապատասխանում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածին: