Թուրքիայում 2023-ի հունիսին տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդառաջ թուրք հայտնի կին քաղաքական գործիչ, 1993-1996 թվականներին Թուրքիայի վարչապետի, 1996-1997 թվականներին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը մտադիր էր նոր քաղաքական ուժ ձեւավորելու եւ մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Թուրքական ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընն այս առիթով հայտարարել էր, թե Չիլլերի իրական նպատակն իշխող ԱԶԿ-ին աջակցելն ու իրենց կուսակցությունից ձայներ փախցնելն է:
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ հանրային շրջանակներից բավականաչափ աջակցություն չստանալով՝ Չիլլերն արդեն հետ է կանգնել նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրությունից: Չիլլերի կուսակցության կազմավորման աշխատանքները համակարգող Օմեր Բիլգինը, ըստ մամուլի հրապարակումների, չի պատասխանում հեռախոսազանգերին:
Տնտեսագետ Թանսու Չիլլերը Թուրքիայի պատմության մեջ առաջին եւ միակ կին վարչապետն է։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը, 1993-ին դարձել կուսակցության առաջնորդը։
Թանսու Չիլլերն ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի եւ «ASALA»-ի դեմ։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ։ 2002-ին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։