Սահմանադրական դատարանն ապրիլի 29-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել տեղական եւ միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած «ծանր վիրավորանքի» հոդվածը։
Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Սակայն դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։ Մինչդեռ ամիսներ առաջ Գրիգորյանը, երբ դեռ արդարադատության փոխնախարարն էր, հիմնավոր էր համարել այս օրենքը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բարձր դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի որոշումը, որից էլ պարզ կդառնան դատարանի հիմնավորումները։
Հայհոյանքը քրեականացնելու օրինագծով անձին ծանր վիրավորանք հասցնողը՝ 2021-ի հուլիսի 30-ից սկսած հայհոյողը կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորողը, տուգանվում է 100 հազարից մինչեւ 3 միլիոն դրամով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերից ընդամենը երկուսի դեպքում է առերեւույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլք: Դատախազությունն, այս վիճակագրությունը ներկայացնելով, հավաստիացնում է, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։
Մինչ այդ չի դադարում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը։ Հայաստանին օրենքը օր առաջ չեղարկելու կոչ են արել Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International եւ Freedom House ու այլ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։
Մասնավորապես, Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը եւ քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ եւ չեղարկելու խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը: