Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրի էր այցելել, մասնակցել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին:
Պարեկներն արդեն ակտիվորեն սկսել են աշխատել հանրապետության երկրորդ քաղաքի անբարեկարգ, առանց գծանշումների փողոցներում:
Դեռ մեկ շաբաթ չկա, ինչ ճանապարհային պարեկները «կարգ ու կանոն» են հաստատում քաղաքում։ Արդեն բազմաթիվ վարորդներ ահազանգում են, որ տուգանվում են հոծ գիծը հատելու համար: Սրա մասին բարձրաձայնում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վարորդները տուգանվում են հատկապես Թբիլիսյան խճուղում, որտեղ ամենասուր տեսողություն ու վառ երեւակայություն ունեցողն անգամ հոծ գիծ չի նշմարի: Հավելենք, որ Թբիլիսյան խճուղու ճակատագիրը կիսում են քաղաքի բազմաթիվ այլ փողոցներ եւս:
«Որ քաղաքում կարգ ու կանոն լինի, հոծ գիծը հատողն էլ տուգանվի, ոչ ոք դեմ չէ, բայց երբ մարդուն տուգանում են չեղած, ընդհանրապես չերեւացող հոծ գիծը հատելու համար, դա արդեն անթույլատրելի է»,- բողոքում են տուգանված վարորդները:
Լեւոն Բարսեղյանն ասում է՝ երբ վարորդները բողոքում են պարեկներին, որ հոծ գիծ չկա, նրանք ասում են՝ քաղաքապետարանի՛ն դիմեք, դա մեր խնդիրը չէ: «Հոծ գիծը թողել են վարորդի երեւակայությանը»,-դժգոհում է Բարսեղյանը։
Նա փաստում է նաեւ, որ պետությունը մեծ ռեսուրս է ներդրել, դասընթացներ, մրցույթներ է կազմակերպել, թանկարժեք մեքենաներ գնել, մեծ-մեծ աշխատավարձեր սահմանել պարեկային ծառայություն իրականացնելու համար: Զարմանում է. «Հասարակ բաներն ինչո՞ւ չեք բացատրել»: Խոստանում է, որ նման անօրինական գործելաոճի դեպքում կդիմի դատարան, կարգի կհրավիրի օինազանց պարեկներին:
Ոստիկանության թեժ գծից մեզ ասացին, որ կուսումնասիրվեն եւ հավանաբար կչեղարկվեն նման տուգանքները: Հարցին, թե ապօրինի տուգանող պարեկների գործելաոճն ով է հսկելու, պատասխանեցին՝ կապվենք պարեկային ծառայության իրավաբանական բաժնի հետ: Ոստիկանությունից մեզ փոխանցած հեռախոսահամարին, սակայն, երկու օր շարունակ աշխատանքային ժամերին ոչ ոք չպատասխանեց:
Կլինե՞ն քաղաքում գծանշումներ, թե՞ հույսը կրկին վարորդի երեւակայության վրա է։ Գյումրու համայնքապետարանի լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ գծանշման աշխատանքները մեկնարկել են: Եթե եղանակը բարեհաճ գտնվի, մոտ ապագայում կգծանշվի նաեւ խնդրո առարկա Թբիլիսյան խճուղին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։