«Իմ կառավարությունը, նախատեսելով, որ ժողովրդական զգացումները կարող են բռնկվել եւ չափազանց ծանր հետեւանքներ առաջ բերել, Զանգեզուրի իշխանություններին ուղղված առանձին հեռագրով զգուշացրեց Ղարաբաղում ապստամբության վտանգից։ Հակառակ սրան՝ մարտի 22-ին՝ Բայրամի նախօրյակին, Շուշիի պարիսպների տակ բռնկվեց ապստամբությունը, որը շուտով տարածվեց Շուշիի փողոցները․․․ Հայերը դիմադրում էին Ասկերանում, բայց մնալով առանց փամփուշտի, ընկել էին անհավասար կռվում։ Ադրբեջանական զորքերը մտան Շուշի։ Քաղաքը կրակի զոհ գնաց, եւ ահագին թվով ժողովուրդ ենթարկվեց կոտորածի»,- 1920 թվականի մարտի 22-24-ի դեպքերն այսպես է նկարագրում առաջին հանրապետության այդ ժամանակվա վարչապետ Խատիսյանը։
Իսկ Սիմոն Վրացյանը գրում է․ «Ապստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետեւանքները կարող էին լինել շատ ավելի աղետաբեր, եթե ապրիլին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Ապրիլին նա զորահավաք հայտարարեց Վարանդայում եւ Դիզակում, ամրացրեց ճակատներն ու 45 օր մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը եւ Ղարաբաղը համարեց Հայաստանի մաս»:
Ի՞նչ ապստամբության մասին է խոսքը։
1919 թվականի օգոստոսին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը, չունենալով Հայաստանի իշխանություններից օգնության ոչ մի հույս եւ զինված դիմադրության համար անհրաժեշտ միջոցներ, ստիպված էր իր կողմից ձեւավորված պատվիրակությանը լիազորել՝ համաձայնության գալու Ադրբեջանի կառավարության հետ։
Ըստ այդմ, մինչեւ Փարիզի խաղաղության վեհաժողովը կորոշեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հարցը, Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես իրեն համարում է Ադրբեջանի սահմաններում։ Ըստ էության, 1920 թվականի մարտի 22-ին միանգամից Շուշիում, Վարարակնում եւ Ասկերանում բռնկված ապստամբությունը փորձ էր՝ վերջ տալու ժամանակավոր համաձայնագրի գործողությանը, Լեռնային Ղարաբաղը հռչակելու Հայաստանի մաս։
Բայց եթե այդ ծրագրին դեմ էր վարչապետ Խատիսյանը, ո՞վ է ապստամբության կազմակերպիչը կամ ովքե՞ր էին, որոնց Վրացյանն անվանում է «անփորձ մարդիկ»։ Կարո՞ղ ենք փաստել, որ Խատիսյանի կառավարությունը չի վերահսկել իրավիճակը, կապ չի ունեցել Ղարաբաղի Ազգային խորհրդի հետ։ Հակառակ դեպքում ապստամբության աննպատակահարմարության մասին կհեռագրեր հենց Շուշիում գործող հայկական իշխանությանը, ոչ թե զգուշացումը կփոխանցեր Գորիսի միջոցով, ինչպես ինքն է վկայում։
Սիմոն Վրացյանը գրում է, որ իրավիճակն ավելի վատ կլիներ, եթե տեղ չհասներ Դրոն՝ «իր էքսպեդիցիոն կորպուսով»։ Եթե ապրիլի կեսերին Հայաստանից Ղարաբաղ Էքսպեդիցիոն զորախումբ մտցնելու հնարավորություն կար, ապա այն պետք է լիներ նաեւ մարտին։ Եթե Շուշիում, Վարարակնում եւ Ասկերանում ապստամբություն էր նախապատրաստվում, ապա Դրոյի եւ Նժդեհի գլխավորած այդ զինուժն ինչո՞ւ նախօրոք չի մտել Ղարաբաղ։ Այս հարցին պատասխան կա՞։ Հայ պատմագիտությունն առհասարակ փորձե՞լ է խորանալ եւ պարզել այդ շրջանի իրադարձությունների պատճառահետեւանքային կապը։
Իսկ որ գործ ունենք ակնհայտ գաղտնիքի հետ, կարելի է եզրակացնել դեպքերի հետագա ընթացքից։ Դրոն եւ Նժդեհը «էքսպեդիցիոն կորպուսով» Ղարաբաղում էին, երբ 11-րդ բոլշեւիկյան բանակը մտավ Բաքու եւ Ադրբեջանը հայտարարեց խորհրդային։ Երկու օր անց Բաքվից Երեւան վերջնագիր է հղվել, որպեսզի Հայաստանը «դատարկի Ղարաբաղը եւ Զանգեզուրը»։ Ի պատասխան՝ Երեւանը հայտնում է, որ Ղարաբաղում հայկական զորքեր չկան, ընդհակառակը՝ մուսավաթական զորքեր են այնտեղ ավերածություններ գործում, սպանում մարդկանց։ Մայիսի 19-ին Դրոն հեռագրում է Երեւան, որ իր հետ բանակցությունների մեջ է մտել 11-րդ բանակի հրամանատարության ներկայացուցչությունը, խոսել են «Օրջոնիկիձեի անունից, մտադիր են կարմիր զորքեր մտցնել Ղարաբաղ, մինչեւ Հակարի գետը Ղարաբաղը պետք է պատկանի Խորհրդային Ադրբեջանին»։
Վերջնագիրը Դրոյի կողմից, ըստ երեւույթին՝ Հայաստանի արդեն Բյուրո կառավարության համաձայնությամբ, ընդունվում է։ Դրոն մայիսի 24-ին Ավետարանոց գյուղում վերջին խորհրդակցությունն է հրավիրում, որին մասնակցում են Նժդեհը, գնդապետ Միրիմանյանը եւ Արսեն Միքայելյանը, որին համարում են մարտյան ձախողված ապստամբության կազմակերպիչ։ Որոշում են «իշխանությունը հանձնել» բոլշեւիկ-բժիշկ Սարգիս Համբարձումյանին։
Նույն օրը Դրոյի եւ Նժդեհի «էքսպեդիցիոն կորպուսը» Քիրսի մատույցներով անցնում է Դիզակի Խծաբերդ գյուղ, այնտեղից՝ Հայաստան։ Փաստացի առաջին հանրապետությունը, նրա Բյուրո կառավարությունը առանց մի կրակոցի ամբողջ Ղարաբաղը հանձնում է բոլշեւիկյան 11-րդ բանակին, իսկ արդեն օգոստոսի 10-ին փաստը ստանում է իրավական ձեւակերպում՝ զինադադարի մասին ռուս-հայկական համաձայնագրով, որ Թիֆլիսում ստորագրում են Ռուսաստանի եւ Հայաստանի լիազոր ներկայացուցիչներ Լեգրանը եւ Ջամալյանը։
Բայց այս մասին ո՞վ է հիշում կամ հիշեցնում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։