ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմությունն իրագործելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության չկատարած բոլոր խոստումները:
«Այն բոլոր խոստումները, որ տվել են ձեզ 2018 թվականից՝ սկսած թալանը հետ բերելուց, վերջացրած կարմիր գծերից, արագաչափերից, վերջացրած վարկային տոկոսներից, նաեւ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իրականացնելու ենք միասին: Ու մենք պայքարում ենք այդ նպատակի համար»,- ասել է նա:
Իսկապես շատ անհարմար իրավիճակ է ստացվել ՀՅԴ-ի համար: Եթե հիշում եք՝ ե՛ւ 2018-ին, ե՛ւ դրանից հետո՝ հատկապես 2021-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավներում, թալանը վերադարձնելու մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը մատնացույց էր անում առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ նրանց իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց:
2018-ի ամռանն, օրինակ, Փաշինյանը, խոսելով թալանը վերադարձնելու մասին, հայտարարել էր. «Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան… Տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ՀՀ-ում»: Եվ այսպես չորս տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն այս ոճով մատնանշել է թալանը հետ բերելու կոնկրետ աղբյուրները՝ առաջինը հնչեցնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները:
Հիմա, երբ Իշխան Սաղաթելյանը խոսում է 2018-ի խոստումները, այդ թվում «թալանը ետ բերելն» իրագործելու մասին, ստացվում է՝ համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր հերթին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին մեղադրում է թալանի համար: Այլ կերպ, թերեւս, դժվար է մեկնաբանել Սաղաթելյանի հայտարարությունները:
Կարելի է, իհարկե, սա որպես պայքարի նպատակ հռչակել: Բայց այս ամենի մեջ զավեշտն այն է, որ նույն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամենասերտ համագործակցության մեջ են ՀՅԴ-ի հետ. Քոչարյանը, հիշում եք, խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ-ի հետ ձեւավորված դաշինքը: Սերժ Սարգսյանն էլ իր գլխավորած ՀՀԿ-ով գործընկերային սերտ հարաբերությունների մեջ է ՀՅԴ-ի հետ։ Խորհրդարանական ընդդիմությունը, թեեւ ապակենտրոն, սակայն միասին է պայքարի դուրս եկել, մայիսի 1-ին էլ միասնական մեծ հանրահավաք է խոստացել:
Ի դեպ, Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունները հազիվ թե վրիպակ կամ լեզվական սայթաքում լինեն. ՀՅԴ-ն մեկ անգամ չէ, որ տարաբնույթ մեղադրանքներ է հնչեցնում նախկին իշխանությունների հասցեին՝ հաջորդ պահին, իհարկե, շտապելով համագործակցել նրանց հետ:
2016-ի փետրվարին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էր հայտարարել, թե ՀՀԿ իշխանությունը հեղինակազրկված է, նրանց հետ համագործակցելուց իրենց վարկանիշն էլ կընկնի, բայց հանուն երկրի պատրաստ են նման զոհողության. «Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ… եթե իշխանությունը հեղինակազրկված է, դա բոլորիս պրոբլեմն է, չէ՞։ …Մենք մտնում ենք կոալիցիա, որ իշխանության որակը փոխվի»,- ասել էր նա:
Բայց մի բան է, երբ համագործակցում ես հեղինակազրկված ուժերի հետ (այն ժամանակ՝ պաշտոնների դիմաց), այլ բան, երբ հետները պայքարում ես՝ իրենց իսկ թալանածը վերադարձնելու խոստումով:
Չմոռանանք մեկ փաստ էլ. նախկին իշխանություններին թալանի համար միայն ՀՅԴ-ն չէ, որ մեղադրում է։ Ոչ վաղ անցյալում, երբ Արթուր Վանեցյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, Քոչարյանին մեղադրել էր կաշառք վերցնելու համար. «Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք եւ կհրապարակենք, թե ով ինչ ունի եւ ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: