«Անտարես» հոդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հանդեպ բռնության «արդարացումները» բազմաթիվ են։
Արմեն Մարտիրոսյանն ունի տեսակետներ։ Դրանք ծայրից ծայր կարող են լինել իմ սրտով կամ ծայրից ծայր՝ ոչ իմ սրտով։ Ի՞նչը ինձ պիտի ստիպի բռնանալ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, եթե անգամ նա ասում է (առաջնորդվենք խելագարության կանխավարկածով), թե Հայաստանը թուրքական հող է, մենք՝ բոլոր հայերս, օկուպանտներ այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսինքն՝ ազդակ է տալիս թուրքերին, թե եկե՛ք, ձեր օրինական հողին տե՛ր կանգնեք։ Համարենք, թե ասել է։ Համարենք (շարունակենք խելագարության կանխավարկածը), թե Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ խիստ ճշգրիտ պատմական փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են իր ասածը։
Խելագարությունը մեզ շատ կօգնի, չափազանց շատ կօգնի, անգնահատելիորեն շատ կօգնի Արմեն Մարտիրոսյանին վերագրել աշխարհի բոլոր հանցագործությունները, որոնք քրեական որեւէ օրենսգրքով չեն անցնում, յուրաքանչյուրն ինքն է որոշում, որ դա հանցանք է։
Բայց դուք ո՞վ եք։ Ձեր սեփական օրենսգիրքը ո՞նց կարող է տարածվել ուրիշի վրա, եթե այն խրախուսում է ՁԵՐ բռնությունը։ Արմեն Մարտիրոսյանն ունի մտածելու եւ արտահայտվելու ազատություն։ Նրա արտահայտությունները երբեւէ որեւէ քրեական, վարչական խնդիր չեն առաջացրել։ Եթե դուք դարձել եք դատարան, այդ դեպքում ի՞նչ կապ ունի Արցախը, ի՞նչ կապ ունի Հայաստանը, ի՞նչ կապ ունի ձեր կամ ուրիշի երեխայի անվտանգությունը, դուք արդեն դատարան եք, գնացեք ու վերացրեք բոլորին, որոնց խոսքերը կամ ապրելը ձեր սրտով չէ։ Ձեր կարծիքով հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն ի՞նչ էր։
Դուք հարձակվել եք Արմեն Մարտիրոսյանի վրա՝ ամրագրելով ինչ-որ մեկի իրավունքը։ Ինչ-որ մեկը նույնը կարող է անել ձեր կամ ձեր հոր, ձեր երեխայի հանդեպ։ Էդ դեպքում ձեր պայքարի իմաստն ի՞նչ է։ Եթե ֆաշիստ եք, կուսակցություն բացեք՝ իմանանք, որ այլեւս սեփական մտքերով չխոսենք, խոսենք լոզունգներով, խոսենք Բաքուն գրավելուց, խոսենք էն մասին, որ Չինաստանը հայկական հող է, եւ ում դա դուր չի գալիս, ապրելու իրավունք չունի։
Դուք բռնանում եք, որ հաջորդ անգամ Արմեն Մարտիրոսյանը երկա՞ր մտածի, թե ինչ է խոսում։ Բայց մեկ ուրիշն էլ դա կարող է անել ձեր հանդեպ։
Հասկանո՞ւմ եք, երբ բռնանում եք, նշանակում է՝ ձեր մեջ արդեն սպանել եք նրան, ու Արմեն Մարտիրոսյանի հաջորդ «բեմելից» հետո կարող եք իսկապես էլ սպանել նրան, որովհետեւ նախորդ անգամ չհասկացավ ձեր բռնության մեսիջը։ Ու դուք էդպիսի երկրի անունը դնում եք Հայաստան, կամ, ըստ ձեզ, այդպիսի Հայաստանն իմաստ ունի՞։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: