Ասենա Գյունալը Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է, գրող։ Երկար տարիներ եղել է իրավապաշտպան Օսման Կավալայի հիմնադրած «Անադոլու Քյուլթուր» մշակութային կազմակերպության եւ «Դեպո Իսթանբուլ»-ի ծրագրերի համակարգողը։ 2017 թվականից՝ Օսման Կավալայի ձերբակալությունից հետո, զբաղեցնում է «Անադոլու Քյուլթուր»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։
2005 թվականից ի վեր մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել։ Ավելին՝ կարող ենք ասել, որ այդ ոլորտում «Անադոլու Քյուլթուրն» առաջիններից է եղել։ «Անադոլու քյուլթուրի» հիմնադիր եւ ղեկավարների խորհրդի նախագահ Օսման Կավալան առաջինն էր, որ գնաց Հայաստան եւ այնտեղ կապեր հաստատեց։
Նրա վերադարձից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լուսանկարիչների փոխանակման «Մերհաբարեւ» ծրագիրը մեկնարկեց։ Ցուցահանդեսներ կազմակերպվեցին։ Ավելի ուշ մի շարք այլ ծրագրեր են իրականացվել։ Եվ «Անադոլու Քյուլթուրն» «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի անդամ, որի առաջնային նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ երկու հասարակությունների ներկայացուցիչները կարող են հանդիպել ու խոսել, միմյանց նկատմամբ ունեցած նախապաշարմունքները մի կողմ դնելով՝ կարողանան երկխոսություն սկսել։
Հիմա կարեւորը ոչ թե այն է՝ պատրաստ են [հասարակությունները], թե ոչ, այլ թե մենք ինչ կարող ենք անել պատրաստելու համար։ Ես՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մտածում եմ՝ այս կարգավորման համար ինչ կարող եմ անել։ Եվ ջանքեր եմ գործադրում մարդկանց նախապաշարմունքները կոտրելու, երկխոսության հարթակ ստեղծելու ուղղությամբ։
Այդ կերպ մարդիկ սրա մասին կսկսեն մտածել ու խոսել։ Իհարկե, բացասական արձագանքներ լինելու են, լինում են, տեսնում ենք։ Ղարաբաղի պատերազմի ժամանակ նույնպես եղան։ Ցավոք, Թուրքիան այդ պատերազմում հստակ դիրք բռնեց։ Եվ մենք, օրինակ, Հայաստանի հետ համերաշխության մեր զգացումները մեր գործընկերների, արվեստագետների հետ անգամ չկարողացանք կիսել։ Որովհետեւ այստեղ միջավայրը շատ ճնշող է, եւ Հայաստանի վերաբերյալ որեւէ բան ասելը, անգամ «մենք խաղաղություն ենք ուզում» ասելն այնքան էլ հեշտ չէ։
Ես կարծում եմ, որ այս կարգավորումը քաղաքացիական հասարակության համար ճանապարհ է հարթելու։ Ինչպես նշեցի, քաղաքացիական հասարակությունն իրականում շատ ավելի հանգիստ կաշխատի, եթե պետությունն ինչ-որ բան ձեռնարկի, երբ պետությունն ինքը կարգավորման ուղղությամբ քայլեր անի։
Եթե այս պահին երկու երկրների միջեւ կարգավորում լինի, մեր կոնսորցիումի աշխատանքային բեռն ավելանալու է։ Շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել։ Բացի այդ՝ ի հայտ կգան նաեւ քաղհասարակության նոր կազմակերպություններ, նոր դերակատարներ, թուրքերի հետ աշխատել ցանկացող հայեր, հայերի հետ աշխատել ցանկացող թուրքեր։ Ես վստահ եմ, որ քաղհասարակության աշխատանքն ավելանալու է։ Կարծում եմ՝ դա դրական երեւույթ է։
Բայց պետք է ասեմ նաեւ, որ հիմա շատ դժվար է։ Եթե համեմատենք «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, այդ շրջանում քաղաքացիական հասարակության դերն իրոք կարեւոր էր, քաղաքացիական հասարակությունը ցանկություն ուներ այս հարցերով զբաղվելու, այսքան ճնշում չկար, նման միջավայր չկար։ Միջավայրը, որտեղ Օսման Կավալան շարունակում է բանտում գտնվել, լիովին այլ է։ Պետք է նկատել, որ քաղհասարակության կարողություններն էականորեն սահմանափակվել են։ Երանի կարգավորման հետ նաեւ ժողովրդավարացում լինի, հատկապես Թուրքիայում, եւ երանի քաղաքացիական հասարակությունն ակտիվ դեր ստանձնի։
Հարցազրույցի՝ Օսման Կավալայի դատավարությանը վերաբերող հատվածը «Ալիք Մեդիան» առաջիկայում կներկայացնի առանձին։