ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ եւ էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2022-ի Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր բուհերում սովորող ավելի քան 80 մահմեդական ուսանողների տրամադրվել են Երեւանում գործող խոշոր առեւտրի կենտրոններից մեկի նվեր քարտերը։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից հայտնել են, որ նվեր քարտերի բաշխման արարողությունը տեղի է ունեցել Ռամադան ամսվա ընթացքում ՀՀ-ում բնակվող մահմեդականների համար կազմակերպվող ամենօրյա բարեգործական ընթրիքի ժամանակ։
ԱՄԷ-ն շարունակում է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական եւ բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարեւորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։
Ռամադան ամսվա ընթացքում շուրջ 800 պարենային արկղեր են բաժանվել ՀՀ մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին։