Այսօր՝ այս հարափոփոխ ժամանակներում, երբ հին գիտելիքներն ու գործելաոճն այլեւս բավականաչափ արդյունավետ չեն, մեզնից պահանջվում է լինել ստեղծարար կյանքի բոլոր ոլորտներում՝ բիզնեսում, քաղաքականությունում, մարդ-մարդ հարաբերություններում եւ հատկապես ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհներին:
Ի՞նչ է ստեղծարարությունը
Ստեղծարարությունն, ըստ հայկական Վիքիպեդիայի, «գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական եւ հոգեւոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծարար գործունեությունն անկրկնելի է, ինքնօրինակ եւ եզակի»: Ստեղծարարությունը առկա խնդիրները լավագույնս լուծելուն նպաստող գաղափարներ, այլընտրանքներ տեսնելու եւ դրանք իրականացնելու ունակությունն է:
Ստեղծարարությունը միշտ չէ, որ այսպես է հասկացվել: Հին Հունաստանում չէին կարծում, թե ստեղծարարությունը մարդկային ունակություն է: Նրանք համոզված էին, որ մարդը ստեղծագործում է՝ հարաբերվելով հոգեւոր, աստվածային էակների հետ: Այդ աստվածային էակներին հույները կոչում էին դայմոններ: Նրանք գալիս էին մարդկանց մոտ ինչ-որ հեռավոր աշխարհներից, եւ անհասկանալի էր, թե ինչն էր նրանց դրդում այդպես վարվելու: Սոկրատեսը պնդում էր, որ իրեն ուղեկցում է իր Դայմոնիոսը, որ խոսում է իր հետ հեռուներից:
Հին Հռոմում մի փոքր այլ կերպ էին ընկալում ստեղծարարությունը: Նրանք հավատում էին, որ յուրաքանչյուր ոք ծնվում է իր Գենիուս (Genius) կոչվող աստվածային էակի հովանու ներքո, ով նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Գենիուսը, ինչպես բառն է հուշում, սերտորեն առնչվում է գենի, ծնունդի, գեներացիայի, հանճարեղության հետ:
Ըստ հռոմեական հավատալիքների՝ Գենիուսը աստվածային բնության անհատականացված օրինակն է, որ առկա է յուրաքանչյուր մարդու, տեղանքի կամ իրի մեջ: Պահապան հրեշտակի նմանությամբ, յուրաքանչյուր ոք ուներ իր Գենիուսը, որ հայտնվում էր իր կողքին ծնվելիս եւ հետեւում նրան մինչեւ մահ: Հենց նա էր հուշում մարդկանց հանճարեղ մտքերը եւ լավագույն անելիքները:
Այս պատկերացումները փոխվեցին վերածննդի ժամանակներից, երբ մարդը սկսեց լսել իրեն հուշող, ուղղորդող ձայները ոչ թե դրսից, այլ ներսից: Եվ մարդիկ սկսեցին մտածել, որ ստեղծարարությունը սկիզբ է առնում ոչ թե Գենիուսի կամ որեւէ այլ ոգու թելադրանքով, այլ հենց իրենց ներսից:
Այսպես սկսվեց մարդակենտրոն դարաշրջանը: Այն, ինչ հնչում էր դրսից, ինչպես մի աստվածային ոգու, հոգեւոր էակի առաջնորդություն, սկսեց խոսել մեր ներսից որպես ինտուիցիա:
Մարդը ծնվում է ստեղծարար
Յուրաքանչյուր ոք ծնվում է ստեղծարար: Եվ դա հայտնի էր անտիկ ժամանակներից. մարդու Գենիուսը հայտնվում էր նրա կողքին ծնվելիս եւ ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում: Լինել ստեղծարար՝ ահա թե ինչն է առանձնացնում մեզ կենդանական աշխարհից: Դա այն հիմնարար որակն է, որ ապահովում է մարդու մարդ լինելը: Սա հասկանալն ու ընդունելն առաջին քայլն է ստեղծարար գործելու ճանապարհին:
Այս հարցում չկան տարիքային սահմանափակումներ: Մարդն ունակ է ստեղծագործելու ցանկացած տարիքում: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու ստեղծարարությունը բացահայտվել է մեծ տարիքում:
Պիկասոյի նմանությամբ կարող ենք ասել՝ «Մենք բոլորս նկարիչներ ենք, քանի դեռ երեխաներ ենք: Խնդիրը մեծանալիս այդպիսին մնալն է»:
Ի՞նչն է խանգարում
Իսկ ի՞նչն է խանգարում մարդուն շարունակել լինել ստեղծարար մեծանալիս:
Քանի դեռ փոքր ենք, մեր միտքն ու սիրտը բաց են, արթուն են նորը ճանաչելու, անհայտին հաղորդ լինելու մեր մղումները։ Երբ մեծանում ենք, այդ ձգտումները խամրում են։ Սովորելու, ճանաչելու, անհայտին հաղորդ լինելու ձգտմանը գալիս են փոխարինելու այլ ցանկություններ։ Սկսում ենք գերադասել ոչ թե սովորելը, այլ արդյունքում ստացած գովասանքները։ Այդ ժամանակ մեր մեջ սկսում են արմատանալ հաճոյանալու, ուրիշներին դուր գալու, մարդկանցից փառք փնտրելու սովորությունները։ Եվ հենց դա էլ խանգարում է ստեղծարար լինելուն, քանի որ մենք լսում ենք ինտուիցիայի ձայնը՝ մեր գենիուսի միայն այն հորդորները, որոնք նպաստում են մարդկանցից փառք փնտրելուն:
Բոլորիս մեջ կա մի չգիտակցված բնազդային մղում՝ դժվարությունների ժամանակ լինել ուժեղի կողքին։ Դա մեզ տալիս է ապահովության եւ պաշտպանվածության զգացողություն։ Այդպես ստեղծվում է խումբը։ Մարդը խմբում իրեն զգում է ավելի ապահով եւ պաշտպանված։ Բայց խումբն ուզում է նրան դարձնել բոլորի նման, զրկել ինքնությունից։ Եթե մեկը չի ընդունում խմբի կանոնները, խումբը նրան սկսում է պիտակավորել, ծաղրել: Եթե այդ մեկը չի «ուղղվում», շարունակում է փնտրել ինքն իրեն եւ իր ներշնչանքին հավատարիմ մնալ, խումբը նրան դուրս է շպրտում։
Հիշո՞ւմ եք «Կտոր մը երկինք» ֆիլմում քահանայի խոսքերը Թորիկին՝ «Համայնքը զորավոր է, որդյա՛կս»: Այո՛, համայնքը զորավոր է, այն դուրս է շպրտում ընդունված կարծրատիպները մերժողներին։
Նա, ով ստեղծարար գործունեության ճանապարհին է, պետք է հիշի՝ նման բաժանումներն անխուսափելի են:
Ստեղծարարության ճանապարհին մեր հաջորդ թշնամին սխալվելու վախն է: Մենք բոլորս վախենում ենք սխալվելուց: Սակայն վախը ոչ մի պարագայում լավ առաջնորդ չէ: Առանց սխալվելու չենք սովորի ճիշտ գործել։ Հենց ցանկանում ենք որեւէ նոր բան անել, սխալվելը մեր կողքին է: Ազատությունը ենթադրում է սխալվելու հնարավորություն: Առանց ընկնել-ելնելու երեխան չի սովորի քայլել։ Ստեղծարարությունը համարձակություն եւ խիզախություն է պահանջում։
Ինչպե՞ս սովորենք
Որպեսզի կարողանանք լինել ստեղծարար, պետք է սովորենք երեւույթներին նայել չիմացողի, առաջին անգամ տեսնողի, երեխայի աչքերով, ասես հարց տալով՝ «Ի՞նչ է սա»։
Սա նման է նկարչի վիճակին, ով կանգնել է սպիտակ կտավի առաջ ու փորձում է տեսնել՝ ինչ է ուզում նկարել այս կտավին։ Այդպես է վարվում նաեւ քանդակագործը։ Միքելանջելոյի նմանությամբ, կարող ենք ասել՝ նա մարմարի կտորում հրեշտակի է տեսնում, փորում այն եւ ազատում հրեշտակին։
Այսպես է վարվում ցանկացած ստեղծարար մարդ. նայում է երեւույթին, տեսնում թաքնված հրեշտակին եւ իր գործերով ազատագրում նրան։
Որեւէ երեւույթի հետեւում թաքնված հրեշտակին տեսնելու համար պետք է սովորել նայել երեխայի պես՝ մտքում ունենալով, որ մենք տեսնում ենք միայն երեւացող մասը, «անտաշ քարը», բայց ո՛չ ներսում թաքնված «հրեշտակը», որ փորձում է հայտնվել։
Եթե ուզում եք գտնել ձեզ հուզող խնդրի հնարավոր լուծումները, դիտե՛ք երեւույթն այս կողմից, այն կողմից, պտտե՛ք ձեր մտքում տեսածը, ընկալածը։ Հետո դադա՛ր տվեք, թողե՛ք, որ խոսի ձեր ինտուիցիան։ Ջանացե՛ք լսե՛լ, թե ինչ է նա ասում, ինչ է նա փորձում հուշել, հասկացնել ձեզ։ Նայե՛ք երեւույթներին ստեղծագործողի հայացքով, սպիտակ կտավի առաջ կանգնած նկարչի աչքերով՝ ակնկալելով տեսնել ձեր խնդրում ապագա լավագույն լուծումը։ Հավատացե՛ք՝ այն այնտեղ անպայման ներկա է։ Եթե տեսաք, էլ դես-դեն մի՛ նայեք, ձեռքի տակ եղած միջոցներով սկսե՛ք իրականացնել։
Էվոլյուցիայում մարդը հաղթել է, քանի որ կարողացել է լինել ստեղծարար՝ գտնել իր նպատակներին հասնելու նոր, ոչ ստանդարտ լուծումներ։ Այդպես էլ հիմա. մենք կկարողանանք անցնել առաջ, եթե սովորենք գործել ստեղծարար։
Եթե հանդիպել եք ստեղծարար լուծում պահանջող իրավիճակի, մի պահ դադա՛ր տվեք: Հիշե՛ք՝ դուք ծնվել եք ստեղծարար, ձեր կողքին է ձեր Հանճարը, ձեր Գենիուսը, ձեր Պահապան Հրեշտակը: Փորձե՛ք լսել, թե ինչ է նա հուշում: Եվ եթե լսեցիք, էլ կանգ մի՛ առեք, դե՛ն դրեք բոլոր վախերն ու կասկածները եւ, առանց հետ նայելու, անցե՛ք գործի:
Եթե մի անգամ հայտնվեցիք ձեր շավիղում, եթե մի անգամ զգացիք, թե ուր է այն ձեզ առաջնորդում, էլ չհրաժարվեք տեղ հասնելու մտքից:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։