ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մայիսի 2-6-ը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաեւ հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի եւ այլ գործընկերների հետ։
Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում ՀՀ արտգործնախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: