Բրիտանական The Financial Times պարբերականին տված հարցազրույցում Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում է մարդկությանը:
«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում է այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որն էլ ավելի վարակիչ է լինելու եւ էլ ավելի մահաբեր»,- ընդգծել է Գեյթսը: Նա հավելել է, որ հեռու է դատապարտվածության ու անելանելիության տրամադրություն ստեղծելու մտքից:
Նոր մանրէահիմքի դեմ արդյունավետ պայքարելու համար Microsoft-ի հիմնադիրը աշխարհի երկրների ղեկավարներին հորդորել է ստեղծել համաճարակաբաններից եւ համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության համապարփակ սպառնալիքներն անհապաղ հայտնաբերելու, ինչպես նաեւ պետությունների միջեւ համակարգումը բարելավելու նպատակով:
Գեյթսն ընդգծել է նաեւ, որ նոր համավարակը կանխելու համար մեծ ներդրումներ են պահանջվելու: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծի մասնագետների առաջնակարգ խումբ, որի աշխատանքի ծախսերը, ըստ Գեյթսի հաշվարկների, տարեկան մոտ 1 միլիարդ դոլար կկազմեն:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ վստահ չէ, թե հնարավոր կլինի արդյոք միջազգային փոխհամաձայնության հասնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցի շուրջ:
The Financial Times-ը հիշեցնում է, որ 2015-ին Գեյթսը նախազգուշացրել էր այն մասին, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ անխուսափելի համավարակին: