ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որեւէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ «Նման հարց օրակարգում չկա»,- շեշտել է խոսնակը։
Մայիսի 2-ին ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակում Վիեննայում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը: Չավուշօղլուն նաեւ նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում:
Թուրքիայի ԱԳ նախարարը ասել էր, որ սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն է եղել։ «Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ՝ համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու»,- նշել է Չավուշօղլուն եւ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում է ընդունել։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումն անցկացվել է փետրվարի 24-ին Վիեննայում: