Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական Sabah-ին տված հարցազրույցում արդարացրել է Ուրուգվայում իր պահվածքը, երբ ցուցարարները, տեսնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին, իսպաներենով վանկարկել էին՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների՝ Չավուշօղլուն լայն ժպտացել էր եւ մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության հայտնի նշանը։
Չավուշօղլուն իր պահվածքի համար մեղադրել է պատմական արդարությանն առերեսվելու կոչ հնչեցնող ցուցարարներին՝ նրանց գործողությունները որակելով «անպարկեշտ»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին խոստացել են, որ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը ցուցարարները չեն լինի, սակայն խոստումը չի կատարվել: Չավուշօղլուն իր պատասխանը «համարժեք» է որակել: Նա նաեւ հայտարարել է՝ Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ մեղադրելն անիմաստ է, եւ հավելել, որ իրենք ապագային նայելու կոչ են հղում:
«Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո’չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Հետեւաբար նրանք մեզ անտեղի են մեղադրում»,- եզրափակել է Չավուշօղլուն: