Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ «Թուրքիայի գործողությունները երկակի ստանդարտների օրինակ են» հայտարարությունը:
«Թուրքիան, մի կողմից, հանդես է գալիս որպես միջնորդ եւ աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ հատուկ ռուսական զբոսաշրջության համար զբոսաշրջային երթուղիներ է կազմակերպում»,- նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դեւլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել» հայտարարություններում: Վերջինս նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել» Ուկրաինայում կայուն եւ մնայուն հրադադար հաստատելու համար:
«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի թուրք ժողովրդի, թուրքական կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ «Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,-ասել է ազգայնական թուրք կուսակցապետը:
Ըստ նրա՝ նման գործելաոճն անարդար է ու անընդունելի, եթե Թուրքիան եւ Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ։ Զելենսկին թուրքական իշխանություններին կոչ է արել ընտրություն կատարելու։