Ըստ Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ ճանապարհին:
Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռեւս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, եւ ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:
ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ: Ամատունին ասել է, որ սա իրենց առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին: Նա նշել է, որ Կարմիր խաչի կոմիտեի ձեւաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի եւ Կարմիր խաչի ուղերձի տեսքով:
«Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան եւ ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, այնուհետեւ հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական»,- հավելել է,Զառա Ամատունին: