2021-ի հոկտեմբերից բանտարկության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առողջության վատթարացման կապակցությամբ չի կարողացել ներկայանալ մայիսի 2-ի դատավարությանը: Փաստաբան Նիկա Գվարամիան դատավարության ժամանակ հայտարարել է, որ Սաակաշվիլին տեղաշարժման խնդիրներ ունի, եւ խախտված է նրա խոսքի արտաբերումը:
Այդ առնչությամբ դատավոր Նինո Էլիեշվիլին դատավարության ժամանակ հայտարարել է, որ նամակ կուղարկի Հատուկ պատժիչ ծառայությանը՝ հանձնարարելով սպառիչ տեղեկություն տալ Սաակաշվիլիի առողջական վիճակի եւ նրան ցուցաբերվող բուժօգնության մասին:
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին հայտարարել է, որ վերջին շաբաթներին իր գլխավորած գերատեսչության դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչները վարկաբեկման արշավ են ձեռնարկել՝ իբր բանտում Սաակաշվիլիին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, եւ նրա կյանքը սպառնալիքի տակ է:
Արդարադատության նախարարն, այդ մեղադրանքներն ապատեղեկատվություն որակելով, հավելել է, որ պատժիչ ծառայությունը Սաակաշվիլիին միշտ էլ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերել:
«Ցանկանում եմ նշել, որ Սաակաշվիլին ընտրողաբար է ընդունում բժիշկների նշանակած բուժման կուրսը եւ հրաժարվում է նշանակված մի շարք ընթացակարգերից: Մասնավորապես, նա հրաժարվում է բանտի տարածքում թարմ օդում ամենօրյա զբոսանքներից»,- ասել է Բրեգաձեն:
Ընտանիքի անդամները պահանջում են որակյալ բուժում ցուցաբերելու նպատակով Սաակաշվիլիին տեղափոխել արտասահմանյան կլինիկա: Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, լրագրողներին հայտարարել է, որ եթե իշխանություններն այդ պահանջը չկատարեն, Վրաստանի ամբողջ տարածքում ընդդիմության կողմնակիցները զանգվածային ելույթներ կսկսեն: