Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան, Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակները ատելության խոսքեր ուղղեցին նրա դեմ:
Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներն իր թվիթերյան գրառման մեջ անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ նշելով, որ խստորեն «դատապարտում է այն լկտիությունը, որը փորձում է ստիպել մեր ազգին խոնարհվել այսպես կոչված «ցեղասպանության» մասին օրինագծով»։
Փայլանն, ի պատասխան վերոհիշյալ ազգայնական գործչի այս հայտարարությունների, «Diken» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Աքշեներն իր այդ գրառմամբ արդեն կայծը տվել է։ Փայլանն ասել է, որ իրեն շատ է զարմացրել Աքշեների քայլը:
«Ինչպես յուրաքանչյուր առաջարկ, այս առաջարկն էլ կարելի էր քննադատել, բայց Մերալ Աքշեներն ինձ գայլերի սեղանը {երախը} նետեց»,- ասել է նա։
Նշելով, որ բազմաթիվ գործիչներից սպառնալիքներ է ստանում՝ Փայլանը հիշեցրել է Հրանտ Դինքի օրինակը, որը մի արտահայտության պատճառով հայտնվել էր թիրախում, «դավաճանի» պիտակ ստացել եւ արդյունքում սպանվել։
«Չի կարելի ակնկալել, որ փոքրամասնություն կազմող անձը թիրախ չդառնա, երբ օգտագործում եք «Գարո Փայլան դավաճան» պիտակավորումը։ Ես մի բան գիտեմ, որ եթե երկրի նախագահը, իշխանության դաշնակիցը, նախարարներն ասել են «դավաճան», ինձ հետ ամեն պահի կարող են ամեն տեսակի սադրանքներ պատահել»,- ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը։
Ավելի վաղ թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» առաջնորդ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի առաջարկին, սպառնացել է, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից: