Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաիանական ծառայության հաղորդագրության՝ մայիսի 2-ին սկսվել է Մարիուպոլի բնակչության տարհանումը:
Քաղաքապետի խորհրդական Պյոտր ԱՆդրյուշչենկոն հայտնել է, որ ավտոբուսները ուղեւորվել են Մարիուպոլից: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսները մարդկանց հավաքելու են Մանգուշ եւ Բերդյանսկ գյուղերից:
ԱՆդրյուշչենկոն հայտնել է նաեւ, որ գիշերը ռուս զինվորականները դարձյալ հրետակոծել են «Ազովստալ» գործարանը: Առավոտյան կողմ, ըստ նրա, հրետակոծումները դադարեցվել են: Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականը դա կապել է տարհանման հետ:
Ավելի վաղ, ըստ ռուսական РИА Новости գործակալության, Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նախօրեին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հաջողվել է տարհանել 80 քաղաքացիական անձի, այդ թվում՝ կանանց եւ երեխաների:
«Տարհանվածները տեղափոխվել են Բեզիմեննոյե գյուղ։ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող շրջաններ մեկնել ցանկացողներին էլ հանձնել են Կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Խաղաղ բնակիչների տարհանման համար հայտարարվել է լռության ռեժիմ»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Կիեւը հայտարարել է, որ գործարանի տարածքում դեռեւս հարյուրավոր քաղաքացիներ կան, այդ թվում՝ 20 երեխա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ տարհանման գործընթացը կանգ չի առնի։
ՄԱԿ-ից եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ շարունակում են մասնակցել «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանման գործողությանը։