Իտալիայում մասամբ չեղարկվել են մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները: Մինչեւ մայիսի վերջը սանիտարական անձնագրեր կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչեւ դեկտեմբերի 31-ը՝ բուժհաստատություններ եւ ծերանոցներ այցելելու համար։
Բուլղարիան չեղարկել է երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ «կանաչ վկայականները», պարտադիր չէ դիմակ դնելը, հանրային միջոցառումների մասնակցության սահմանափակումներ չկան։
Հունաստանում մինչեւ օգոստոսի 31-ը հանվել են հակաքովիդային սահմանափակումները։ Երկիր մուտք գործելու եւ հանրային վայրեր այցելելու համար պատվաստման վկայական եւ ՊՇՌ թեստ չեն պահանջվի։ Մինչեւ մայիսի 31-ը փակ տարածքում դիմակ դնելը պարտադիր է։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում եւ մի շարք շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով շարունակվում են խստացումները։ Դպրոցները հիմնականում անցել են հեռավար ուսուցման: Մայրաքաղաքի ռեստորանները ժամանակավորապես կփակվեն, բնակիչները հասարակական վայրեր այցելելու համար պետք է ՔՈՎԻԴ-19 թեստ հանձնեն։ Պեկինի իշխանությունների կարգադրությամբ բնակչությունը զանգվածային թեստավորում է անցել, երկրի որոշ բնակավայրերում լոքդաուն է հայտարարվել։ Անցած մեկ օրում Պեկինում գրանցվել է վարակման 53, իսկ ՉԺՀ ամբողջ տարածքում՝ ավելի քան 50 հազար նոր դեպք։