Երբ գյուղում կամ «Կոլցեւոյի» մեր թաղում են խոսում Պուտինի մասին՝ որպես գերմարդու, չեմ զարմանում։ Արցախում նույնիսկ քաղաքական-պետական վերնախավն էր երկու տասնամյակից ավելի պնդում, որ «ինչպես Պուտինը ասի, էդպես էլ լինելու է»։
Նոյեմբերի 9-ի Հայտարարությունից հետո Արցախի փրկված մասում դա արդեն իրականություն է։ Բուն խնդիրն այն է, թե որքան է այսպես տեւելու։ Բայց դա մի հարց է, որ արցախցի պաշտոնյաները հեռու են վանում։
Ինչպես տասնամյակներ ի վեր խուսափում էին առերեսվել իրականությանը, խոստովանել, որ մադրիդյան սկզբունքներով կամ Լավրովի ծրագրով ԼՂ խնդրի կարգավորման այլընտրանքը պատերազմն է, որի մասին շատերի պատկերացումներն այսօր էլ չեն տարբերվում անցյալ դարավերջի «ռազմագիտությունից»։
Աշխարհը, մինչդեռ, արմատապես փոխվել է եւ փոխվում է ամեն ժամ։ Իսկ մենք շարունակում ենք երկփեղկված մնալ «ինչպես Պուտինը կասի» հնազանդության եւ «պատերազմը Պուտինն է Հայաստանի ինքնիշխանության դեմ կազմակերպել» հոխորտանքի միջեւ։
Չենք դառնում քաղաքական ազգ։ Այլապես մամուլը չէր գրի, որ «մայիսի 9-ից հետո Պուտինը վիրահատվելու է, իսկ այդ ընթացքում երկիրը կառավարելու է ԱԽ քարտուղար Պատրուշեւը, որ, թերեւս, նրան հավատարիմ միակ պաշտոնյան է»։ https://www.lragir.am/2022/05/02/714548/
Նույն «իրազեկվածությամբ» Երեւանում խմբեր եւ անհատներ են շրջում փողոց առ փողոց եւ քարոզում, որ Արթուր Վանեցյանը Պուտինի «դաբրոն» ունի, մնում է, որ հիսուն հազար մարդ հավաքվի, եւ Փաշինյանը «կփախչի»։
Ֆեյսբուքն արձագանքում է․ «Ոչ մի դեպքում, հարկավոր է օդանավակայանները, բոլոր ճանապարհները փակել, որ արնախումը չհասցնի ճողոպրել»։ Ֆեյսբուքը հիշում է Չաուշեսկուի գնդակահարությունը եւ մի զգալի մասով հաճույքից թուլանում՝ պատկերացնելով Նիկոլի եւ Աննայի սպանությունը, ասենք՝ կառավարական ամառանոցի պատի տակ կամ Հրազդանի կիրճում։
Հետո՞, ինչպե՞ս է բացվելու Հայաստանի հաջորդ օրվա առավոտը։ Բայց ո՞վ է «հեղափոխության» ժամանակ մտածում։ Եթե մտածեին, չէին «մերժի Սերժին» եւ «քայլառաստ ուսապարկերին» չէին բերի իշխանության շողշողուն սրահներ։
Երեւի մի տասը տարի առաջ ես «գրականագիտական հայտնագործություն» արեցի եւ գրեցի, որ Բակունցի «Ալպիական մանուշակի» գյուղացին մեր ժողովրդի հավաքական կերպարն է՝ աշխարհից մշտապես դժգոհ, ինչ-որ հրաշքի հավիտենապես սպասող եւ հիասթափության պահին՝ ահռելիորեն վայրենի, իր տան վրիժառու։ Նիկոլ Փաշինյանը հաստատ ավելի խորքային ճանաչում ուներ, երբ հրապարակ նետեց «թալանածը կոպեկ առ կոպեկ ետ բերելու» գաղափարը։ Հայ զանգվածներին միայն դա կարող էր փողոց հանել։
Այսօր փորձում են հիասթափվածներից հավաքական՝ բակունցյան գյուղացու վրեժխնդրություն ձեւավորել։ Առայժմ՝ անհաջող, բայց «կաթիլը քար է ծակում», եւ տասնյակ հազարավոր մարդիկ մի օր հեղեղելու են հրապարակները եւ փողոցները, Նիկոլից հաշիվ են պահանջելու։ Բայց ոչ թե պատերազմի, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, այլ իրենց «մանեթը նրա բռից» չստացած լինելու համար։
Միջին վիճակագրական հայ մարդու «հայրենասիրությունը» երկրից իր շահն ունենալու չափի մեջ է․ երեսուն տարի անց էլ նրա ոչ թե ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողություններն է հիշում, այլ «ցուրտն ու մութը», վառարանի «պլեճը» նրան հպարտություն չի ներշնչում։
Նա հիշում է «Քոչարյանի ժամանակները», երբ «գործը կպնում էր», եւ Պուտինն էլ «մեր ախպերն էր», իսկ «թուրքն ո՞ւմ շունն էր»։ Նրան չի հետաքրքրում, որ «թուրք շունը» հենց այդ տարիներին է Բաքու-Ջեյհան՝ Հայաստանը շրջանցող, նավթամուղ կառուցել։ Նրան չի հուզում, որ շուրջ տասնհինգ տարի «թուրք շունը» զուտ ռազմական ծախսերին տարեկան այնքան գումար է հատկացրել, որքան Հայաստանի ամբողջ բյուջեն էր՝ մոտ երեք միլիարդ դոլար։
Միջին վիճակագրական հային դժվար էր բացատրել, գրեթե անհնար էր հասկացնել, որ եթե թշնամին ունի 70-80 կիլոմետր հեռվից քո քաղաքները խոցող հրթիռային համակարգ, 1993-ին ազատագրված Աղդամն այլեւս ապահովության գոտի չէր, բուֆեր էլ չէր։
Միջին վիճակագրական հայ մարդը հավատ է ընծայում Արթուր Վանեցյանի «ռազմագիտական հանճարին», երբ նա հեծանիվից իջնում եւ Ազատության հրապարակից «լայվ մտած» ասում է, որ պետք է հանձնվեր նաեւ Ստեփանակերտը, բայց Քաշաթաղը եւ Քարվաճառը պահվեր։
Ինչպես՝ դա արդեն հետաքրքիր չէ։ Կարեւորը՝ մարդկանց ներշնչվի, որ «պարտվել է ոչ թե բանակը, այլ քաղաքական ղեկավարությունը»։ Առաջին պատերազմի հաջողությունները բանակինն էին, դաշտային հրամանատարներինը, երկրի քաղաքական ղեկավարությունը «նույնիսկ տեղյակ չէր, որ Աղդամն ազատագրվում է», իսկ պարտությունն, ահա, Փաշինյանինն է։
Զոհվածների ծնողները պահանջում են, որ նա դատվի։ Հասնում է։ Բայց զոհվածների ծնողներն իրենց որդիների անմիջական հրամանատարի հետ խոսե՞լ են, հարցրե՞լ են, թե ինչ խղճով է ընդամենը քառասուն օր ծառայություն անցած նորակոչիկին թշնամու հատուկ նշանակության ջոկատի դեմ ուղարկել։
Պատասխանատվությունը անհատական է, ինչպես կորուստը։
Ողջախոհությունը պահանջում է, որ պատերազմում մեր կորուստների համար պատասխանատվության կանչվեն բոլորը։ Կարո՞ղ ենք։ Հազիվ թե։ Մենք ողջախոհությունից անդին վիճակի հանրություն ենք։ Մեզ Պուտինի առողջությունը, ենթադրյալ վիրահատությունը, Պատրուշեւի հետ նրա կապերը շատ ավելի են հուզում, քան մեր առօրյան, իրականությունը։ Եվ այդ պատճառով է նաեւ, որ մենք երբեք ապագայի ընդհանուր տեսլական չենք ունենում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։