Հայաստանի ներքաղաքական դաշտում պատային իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունն անզիջում պայքարի մեջ են մտել՝ փորձելով ոչնչացնել միմյանց: Տպավորություն է, որ այս անգամ երկու կողմն էլ որոշել է «վա բանկ» գնալ: Թե ում նյարդերը տեղի կտան ու առաջինը կդիմի ուժին, ցույց կտա ժամանակը: Բայց որ երկուսն էլ պատրաստ են բախումների՝ խուսափելով քաղաքական լուծումներից, ակնհայտ է:
Միայն թե, նկատենք, այս պայքարում երկու կողմն էլ ըստ էության չի տիրապետում ամենակարեւոր ռեսուրսին. չունեն հանրային լայն աջակցություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմը վաղուց զրկվել են նախկինում ունեցած հանրային աջակցությունից եւ հիմա փորձում են թաքնվել ոստիկանության թիկունքում՝ այդպես ամեն րոպե հեռանալով ժողովրդավարության իրենց հռչակած արժեքներից:
Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես ցույց տվեցին այս օրերի ակցիաները, չունի հեղափոխություն գեներացնելու բավարար ռեսուրս: Իհարկե, կարելի է որպես պատճառաբանություն մատնանշել եղանակային անբարենպաստ պայմանները, կամ, ասենք, հայտնի երգչուհի Ավրիլ Լավինի՝ կորոնավիրուսով վարակվելը, բայց դրանից իրականությունը, միեւնույնն է, չի փոխվի:
Չնայած երկարատեւ նախապատրաստական աշխատանքներին (ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը, որպես առաջին քայլ, Ազատության հրապարակում նստացույց էր սկսել), ֆինանսական ու լրատվական ահռելի ռեսուրսներին՝ ընդդիմությանը չի հաջողվում լայն զանգվածներին փողոց հանել: Այս առումով պատահական չէր, որ երեկ առանց մեծ դժվարությունների ոստիկանությանը հաջողվեց բացել փողոցները (մինչդեռ համեմատության համար հիշեցնենք՝ 2018-ին այդ գործողություններն անդադար էին ու ամենուր. բավական էր՝ չեզոքացնեին որեւէ խմբի, մայրաքաղաքի մեկ այլ վայրում ուրիշ խմբեր էին փողոց դուրս գալիս): Բացի այդ՝ ակնհայտ է, որ ընդդիմության գործողությունները հանրության համակրանքը չեն վայելում. այս առումով պատահական չէ, որ փողոց փակելու ակցիաներից դժգոհելով, քաղաքացիները ցուցարարների հետ վեճի են բռնվում եւ իրենք են փորձում փողոցները բացել:
Ընդդիմության փաստացի առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանն ինքը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ընդդիմության վարկանիշն ընկել է: Ե՛վ 2021-ի տարեվերջյան ասուլիսին, ե՛ւ արդեն այս տարվա փետրվարին նա պնդել էր՝ գործող իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է՝ գերազանցելով իշխանությունների համակիրների թիվը, բայց եւ համաձայնել դիտարկմանը, թե ընդդիմության վարկանիշը եւս ընկել է։
«Բայց նայե՛ք՝ մեզնից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու,- պնդել էր նա՝ հավելելով,- դեռ չի հասունացել այն վիճակը, որով կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել»:
Ու հիմա անելանելի վիճակը ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը մղում է ավելի արմատական քայլերի։ Մանավանդ որ դեռեւս կողմերից ոչ մեկը երկխոսության եւ խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի հայտնել: Կխոսեն երկխոսության հնարավորության մասին, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ երկու կողմն էլ ըստ էության զուրկ է քաղաքական մտածելակերպից, հետեւաբար դեռ որոշ ժամանակ նրանք կխուսափեն այդ ճանապարհով գնալուց:
Մի իրավիճակ, որն իսկապես անհանգստացնող է, հատկապես տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս աշխարհաքաղաքական այս լարվածության պայմաններում:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: