Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան եւ նշվել, որ 2019-ից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:
Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու գործընթացին։ Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարեւորությունը։
Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։