Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել իսպանական Պունտա-Պրիմա ծովափնյա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Անցկացված չորս տուրից հետո գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 3,5 միավոր եւ չորս մասնակիցների հետ բաժանում է առաջին հորիզոնականը: Շանթ Սարգսյանն իր անվան դիմաց գրանցել է 3 միավոր եւ այժմ կիսում է 6-11-րդ հորիզոնականները:
Մայիսի 3-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սեւերով կխաղա իսպանացի գրոսմայստեր Խայմե Լատասայի, իսկ Շանթ Սարգսյանը` իսպանուհի միջազգային վարպետ Մարթա Գարսիա Մարտինի հետ:
Շվեյցարական մրցակարգով եւ 10 տուրով անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցում է 20 երկրների 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը 20 հազար 500 եվրո է: