Ըստ գերմանական Die Welt պարբերականի՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է Բունդեսվերի պահուստներից Ուկրաինային յոթ PzH 2000 հաուբից տրամադրել:
Բունդեսվերի հաշվեկշռում այժմ կա 119 PzH 2000 հաուբից, որոնցից սոսկ 40-ն է մարտական պատրաստության վիճակում: Ապրիլի վերջին ԳԴՀ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինե Լամբրեխտը հայտնել է, որ Գերմանիան պատրաստ է Ուկրաինային Gepard զենիթային կայանքներ մատակարարելու:
Ավելի վաղ գերմանական DPA գործակալությունը հայտնել էր, որ ԳԴՀ-ի կառավարությունը մտադիր է Սլովենիայի միջոցով՝ շրջանաձեւ փոխանակության սկզբունքով Ուկրաինային խորհրդային Տ-72 տանկեր մատակարարել:
Գործարքի համաձայն՝ Սլովենիան երկրի զինված ուժերի պաշարներից պետք է տանկեր տրամադրի Կիեւին, իսկ Գերմանիան պարտավորվում է դրա դիմաց Սլովենիային ապահովել գերմանական Marder հետեւակի մարտական մեքենաներով եւ զրահապատ Fuchs մեքենաներով:
Ի դեպ, Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության տվյալներով, երկրում մայիսի 1-ի դրությամբ ավելի քան 400 հազար 632 փախստական է գրանցվել Ուկրաինայից: Նրանք հիմնականում կանայք են, երեխաներ ու ծերեր: