Ընդդիմությունը փողոցում է, եւ թվում է, թե այդ մարդիկ ունեն մի ասելիք, որը հնարավոր է այնպես գեներացնել, որ քնածն անգամ արթնանա հենց խոսքի ուժից։ Թվում է, թե ընդդիմությունը գտել է համոզիչ լինելու մի ձեւակերպում, որն իշխանությունը չունի, եւ օր առ օր այդ ձեւակերպումը տեղ է հասցնելու, մինչեւ ամենահիմար ականջն անգամ գտնի փողոց դուրս գալու ռացիոնալ եւ անխուսափելի պատճառը։
Կարող ենք անլուրջ վերաբերվել ընդդիմությանը, կարող ենք ծիծաղել, թե ինչքան վատ գիտեն Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Բայց նրանք դեռ ամբողջ զինանոցով չեն «արտահայտվել»։ Գուցե հայ ժողովուրդն ունի ինչ-որ բնազդներ, որոնք 2018-ին անձեռնմխելի են մնացել Փաշինյանի հեղափոխության ժամանակ։ Կարճ ասած, գուցե ամեն ինչ դեռ ասված չէ։ Համաձայն եմ։ Բայց մի փոքրիկ խնդիր կա, եւ այդ խնդիրը նոր հեղափոխություն իրականացնողներն են հենց։ Նրանք ասում են, թե Փաշինյանը թուրքին մտցրել է Հայաստան, Արցախն էլ հանձնել է թուրքերին։
Ենթադրենք՝ այդպես է։ Ենթադրենք՝ ճիշտ են։ Բայց սա միայն նոր հեղափոխության առաջին օրը առաջին ելույթով ասելու բան է։ Էլ չենք ասում, որ սա ասվում է արդեն մեկ եւ կես տարի։ Հետո՞։ Ինչո՞ւ պատերազմից մեկ եւ կես տարի հետո իշխանափոխություն տեղի չի ունենում։ Տեղի չի ունենում, որովհետեւ Փաշինյանի հակառակորդը մարդիկ են, որոնց հավատալու էջը հայաստանցին փակել է 2018-ին։ Ընդ որում՝ այդ էջը փակել է՝ այդպես էլ երբեւէ չհավատալով այդ մարդկանց։ Չէ՞ որ 2018-ից առաջ էլ չի հավատացել։
Ես չեմ ասում, թե նախկինները հրեշներ են։ Բացառենք այդ կանխավարկածը։ Համարենք, որ նախկինները ոչ միայն Փաշինյանից են լավը, նրանք հայ ժողովրդի պատմության մեջ ամենալավ, ամենահուսալի, ամենաճիշտ մարդիկ են։ Ընդունեցի՞նք։ Ընդունեցինք։ Իսկ ո՞ւմ է պատիվ բերում ամենալավը, ամենահուսալին ու ամենաճիշտը, որին արդեն մի անգամ մերժել են, ու որի վարքը եւ խոսքը պարզապես չեն մարսվում։
Նրանք կարող են ամենա-ամենան լինել, խոսք չկա, բայց ժողովուրդը բոլորովին այլ բան է, նա ԶԳՈՒՄ է ամենա-ամենային, ոչ թե գիտի։ Նախկինները պետք է լեզու գտնեն ժողովրդի զգացողության հետ։ Փաշինյանն այդ ժողովրդի երազանքների առաջնորդը չէր, բայց նա ԶԳԱՑ, որ ուրիշ մեկը չի լինելու, որին ինքը կկարողանա վստահել։ Նա գտավ մեկին, որն իրեն չէր ապականել ժողովրդի անունից։
Իսկ այսօր հրապարակում գտնվողների առաջնորդներն ապականել են։ Թուրքին է բերել այսօրվա վարչապետը, թե ուզբեկին, պատասխանատուն ժողովուրդն է։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ նա ԶԳՈՒՄ է, որ ոչ մեկին էլ չեն բերել, գուցե Հայաստանի դիմադրողականությունն ընկել է, ինչպես երբեք չի ընկել, բայց ոչ մեկը թուրքին չի բերել, Արցախն էլ չի հանձնել։ Փաշինյանը ժողովրդի այն թող որ ոչ բանական վերջին ընտրությունն է, որպիսին այլեւս ինքն իրեն թույլ տալ չի կարող։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: