«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության զեկույցը՝ Վրաստանի մամուլի ազատության 2022 թվականի ինդեքսը: Ըստ այդ տվյալների՝ Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել:
Մամուլի ազատության առումով Վրաստանը 180 երկրների մեջ 59,30 միավորով 2022-ին զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանը զգալիորեն նահանջել է 29 կետով։ 2021-ին Վրաստանը 71,36 միավորով զբաղեցնում էր 60-րդ տեղը։
Կազմակերպության զեկույցում նշվել է, որ պաշտոնական միջամտությունը Վրաստանում խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը։
RSF տվյալներով՝ 2021-ին երկրում աննախադեպ թվով ֆիզիկական հաշվեհարդարներ են եղել լրագրողների հետ։ Ըստ RSF-ի տվյալների՝ լրագրողների նկատմամբ բանավոր ու ֆիզիկական բռնությունները հաճախակի են լինում պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Մեդիադաշտը բազմազան է, միեւնույն ժամանակ` խիստ բեւեռացված
«2021-ի հուլիսին հոմոֆոբ խմբերի հարձակման ժամանակ իրավապահների աչքի առաջ 50 լրագրողների վրա դաժան հարձակումն աննախադեպ հետընթաց էր։ Հետաքննության ընթացքում թափանցիկության եւ առաջընթացի բացակայությունը վկայում է լրագրողների նկատմամբ հանցագործություն կատարողների անպատժելիության մասին»,— ասված է RSF զեկույցում։
Ըստ կազմակերպության՝ Վրաստանում մեդիադաշտը բազմազան է եւ միեւնույն ժամանակ` խիստ բեւեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրել է, որ լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ են միջամտում խմբագրական անկախությանը։
Ինչպես նշում է RSF-ը, վրացական օրենսդրությունն արգելում է քաղաքական կուսակցություններին ազդել լրատվամիջոցների վրա, թեեւ խոշոր լրատվամիջոցների սեփականատերերը հաճախ սերտ կապեր ունեն քաղաքական առաջնորդների հետ։