Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը մայիսի 3-ին երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։
«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ եւ արդյունավետ փոխանակում եւ քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։