Ուկրաինայի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից։
Պաշտոնյան քննադատել է ՆԱՏՕ-ի անվճռականությունը Ուկրաինայի նկատմամբ։ «Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ուղերձները մի փոքր հիասթափեցնող էին, եւ, իհարկե, մենք ավելին էինք ակնկալում»,- նշել է Ստեֆանիշինան: Ըստ նրա՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին քննադատելու լիակատար իրավունք ունի:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում:
Ավելի վաղ Կիեւի հետ բանակցություններում էլ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է ՌԴ-ի հիմնարար պահանջներին՝ չանդամակցել ՆԱՏՕ-ին եւ հրաժարվել երկրում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրության առնչությամբ երկրի սահմանադրությունում փոփոխությունները չի բացառում։
Ավելի ուշ՝ պատասխանելով «արդյոք Ուկրաինան կհանի՞ սահմանադրությունից ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին կետը» հարցին, Ստեֆանչուկը հայտարարել է, որ Ուկրաինան չի փոխի սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կետերը։
Մարտի 15-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր՝ եկել է ժամանակը՝ Կիեւը համակերպվի, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Իր հերթական հեռուստաուղերձներից մեկում Զելենսկին միաժամանակ նշել էր, որ եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ում, «այս պատերազմը չէր լինի, կամ էլ ամեն ինչ այնպես չէր լինի, ինչպես հիմա է»: