ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնել են, որ մայիսի 3-ին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը Սաֆարյանը կարեւորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժեւորելով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը:
Սաֆարյանը նաեւ ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ոտնձգությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներն ու վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Իր հերթին փոխնախարար Տարո Հոնդան ասել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը: Տարո Հոնդան վերահաստատել է Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարեւորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարեւորվել են հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:
Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992-ի սեպտեմբերի 7-ին: 1999-ից ի վեր Հայաստանում 88 ծրագիր է իրականացվում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: