Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը:
Սամանթա Փաուերը վերահաստատել է հայ ժողովրդին աջակցելու հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը։
Կողմերը նաեւ քննարկել են ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի լրացուցիչ աջակցության եւ ծրագրավորման նպատակով Հայաստանի առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
Միջազգային զարգացման Գգրծակալության կառավարիչը նշել է, որ խորապես մտահոգված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված պատերազմի աճող տարածաշրջանային ազդեցությամբ եւ ամեն ինչ անելու են տարածաշրջանային գործընկերներին օգնելու ամրապնդել եւ դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները, ապահովելու էներգետիկ անվտանգությունը եւ խթանելու տարածաշրջանային կայունությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղության հաստատման եւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը եւ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը նախագահ Բայդենի՝ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին։
Սամանթա Փաուերը հաստատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի այդ ջանքերին աջակցելու պատրաստակամությունը` ընդգծելով դրանց հույժ կարեւորությունը կայուն տնտեսական աճի եւ բարգավաճման հիմքեր ստեղծելու գործում: