Ալավերդիում «Արարատ Մկրտումյան» հանրապետական երիտասարդական գրական 6-րդ մրցանակաբաշխությունն էր՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 65-ամյակին։ Ամեն տարի նրա ծննդյան օրը՝ մայիսի 1-ը, հենց այս միջոցառմամբ է նշանավորվում։ Հիմնադրամը մասնակից, ապա հաղթող լավագույն երիտասարդ գրողներին իրենց ստեղծագործությունները տպագրելու հնարավորություն է ընձեռում։
Գրական մրցանակաբաշխության աշխարհագրությունն ընդգրկում է Լոռու եւ Շիրակի մարզերը։ Մեկ տարի մասնակիցները բացառապես լոռեցի ստեղծագործողներն են լինում, հաջորդ տարին՝ շիրակցիները։ Իսկ մրցանակաբաշխության ամփոփումն Ալավերդիում եւ Գյումրիում է անցկացվում․ առաջինը բանաստեղծի ծննդավայրն է, հայրենի տունը, երկրորդը՝ նրա զավակների տունը, նրա գրական, ստեղծագործական միջավայրը։
Հոբելյանական օրվա մեկնարկին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Արարատ Մկրտումյանի հիշատակին հոգեհանգստի կարգ կատարվեց։ Իսկ մրցանակաբաշխությունն անցկացվեց քաղաքի մշակույթի կենտրոնում։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն արարողության սկզբում կարեւորեց մրցանակաբաշխությունը՝ այն համարելով «ոգեւորող եւ ճանապարհ բացող» ազդակ Լոռվա եւ Շիրակի երիտասարդ գրողների համար։
Նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց մրցանակաբաշխության 1-ին մրցանակակիր Լիլիթ Հովհաննիսյանին եւ բանաստեղծի եղբորը՝ «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանին։
Լոռեցի յոթ երիտասարդ բանաստեղծներ են գրական իրադարձության այս տարվա մասնակիցները՝ Լիլիթ Հովհաննիսյան, Հրաչուհի Լոռեցյան, Իրմա Հակոբյան, Վիոլետա Լապտեւա, Նարե Վարդումյան, Անի Ղազարյան, Մարինկա Ռաֆայելյան։
Մրցանակաբաշխության հաղթող Լիլիթ Հովհաննիսյանը պարգեւատրվեց «Արարատ Մկրտումյան» ոսկե մեդալով։ Մյուս մասնակիցներն էլ պատվոգրերի եւ նվերների արժանացան։ Հաղթող հեղինակի ժողովածուն կտպագրվի առանձին գրքով, իսկ մյուսներն իրենց ուղին կսկսեն անթոլոգիայով։
Գրական ցերեկույթն ուղեկցվեց Ալավերդու երգի թատրոնի կատարումներով, ապա քաղաքային թատրոնի գրական-երաժշտական, թատերականացված կոմպոզիցիայով՝ բեմադրված Արարատ Մկրտումյանի «Չբնակեցված օր կամ Անահիտ» ստեղծագործության հիման վրա։
Այնուհետեւ Արարատ Մկրտումյանի մասին հուշեր պատմեցին նրա գրչակից ընկերները, ընթերցողները, նրան ճանաչողները։ Միջոցառման ընթացքում առաջարկ հնչեց՝ Ալավերդու փողոցներից մեկն անվանակոչել բանաստեղծի անունով։
Մրցանակաբաշխության ավարտին բանաստեղծի հարազատները ներկաներին նվիրեցին նրա՝ այս տարի վերահրատարակված «Մի հայրենիք ավելի» լիակատար ժողովածուն։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։