Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 30-ին ցուցարարների հետ զրուցելիս ասել է, թե իր նախագահության ժամանակ Հայաստանը 7 տարի անընդմեջ եղել է աշխարհի ամենաարագ զարգացող երկրների տասնյակում, իսկ վերջին 5 տարիներին՝ անգամ հնգյակում։ Եվ որ այդ ժամանակ մեր երկրում միջին տնտեսական աճը եղել է 12,5 տոկոս։
«Ալիք Մեդիան» անդրադարձել էր Քոչարյանի նման մի հայտարարությանն ու հիշեցրել, որ նրա նախագահության տարիներին գրանցված տնտեսական աճն անգամ իր երբեմնի թիմակից՝ իր ղեկավարման տարիներին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր բնութագրել որպես «շինարարական փուչիկ»։
Այդ ժամանակ Քոչարյանի երկնիշ տնտեսական աճն ապահովում էր շինարարության ոլորտը։ Դա ընդամենը կենտրոնի վայրենի կառուցապատումն էր, որն իրականացնում էր նախկին նախագահի մերձավոր շրջապատը՝ ստանալով գերշահույթ։ Կենտրոնի բնակարանները նրանք պարտադրանքով վաճառում էին ժամանակի կոռումպացված պաշտոնյաներին ու որոշ միամիտ սփյուռքահայերի՝ 1 քառակուսի մետրը 3000-4000 դոլարով, այն դեպքում, երբ ինքնարժեքը մինչեւ 500 դոլար էր։
Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսական աճին, իսկապես, 2002-ից մի քանի տարի անընդմեջ վիճակագրությունը երկնիշ տնտեսական աճի ցուցանիշ էր ներկայացնում։ Եվ եթե շինարարությունն այդպես չուռճացվեր, որոշակի աճ, այնուամենայնիվ, կլիներ։ Բայց արդյոք այդ աճը Քոչարյանի եւ նրա իշխանության տնտեսական մտքի թռիչքի արդյունքն էր, եւ իսկապե՞ս Հայաստանն այդ տարիներին, ինչպես նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր ասում, կովկասյան վագր էր, որը զարմանահրաշ թռիչքներ էր կատարում։
Հիշեցնենք, որ Քոչարյանն իշխանության եկավ 1998 թվականին, երբ մեր տնտեսությունն արդեն իսկ սկսել էր ոտքի կանգնել։ Հայաստանն անկախության առաջին տարիներին, իսկապես, շատ ծանր շրջան էր ապրել։ Պատճառը միայն պատերազմը չէր։ Դրան նախորդել էր 1988-ի երկրաշարժն իր բոլոր հետեւանքներով։ Սրան էլ գումարվել էին Ադրբեջանից տեղահանված մի քանի հարյուր հազար հայերի տեղավորման եւ ապրուստի ապահովման ծանր հարցերը։ Հրադադարից հետո մինչեւ 1998 թվականն այդ խնդիրները քիչ թե շատ հաղթահարված էին, ով էլ լիներ իշխանության, Հայաստանի տնտեսությունն աճ կունենար։ Քոչարյանն իշխանության եկավ ու վայելեց արդեն այդ արդյունքները։ Եվ ոչ միայն։
Քոչարյանի նախագահության տարիներին միջազգային իրավիճակն էլ բավականին հանգիստ էր։ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն Արեւմուտքի հետ չուներ այսօրվա խնդիրները, եւ այնտեղից ստացվող միայն մասնավոր տրանսֆերտներն ամեն տարի գերազանցում էին 2 մլրդ դոլարը։ Իսկ 15-20 տարի առաջ 2 մլրդ դոլարն ավելի մեծ արժեք ուներ։
Արեւմտյան երկրներում նույնպես այն ճգնաժամային շրջանը չէր, ինչ հիմա է։ Չկար կորոնավիրուսի համաճարակը, չկար ռուս-ուկրաինական՝ գրեթե երրորդ համաշխարհային պատերազմը։ Հայաստանի տնտեսության զարգացման համար կային հնարավորինս բարենպաստ պայմաններ։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին արդեն խնդիրներ կային. տնտեսությունը զարգացնելու համար միջազգային իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէր։ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, իսկ 2014-ից էլ Ղրիմն Ուկրաինայից անջատելու, Դոնբասում ու Լուգանսկում անջատողական գործողություններ անելու պատճառով Ռուսաստանն ընկավ Արեւմուտքի առաջին պատժամիջոցների տակ ու սկսեց ունենալ տնտեսական խնդիրներ։ Այդ ամենն, իհարկե, անդրադարձավ նաեւ Հայաստանի վրա։
Նույն զրույցի ժամանակ Քոչարյանը նաեւ ասաց, թե իր եւ առաջին նախագահի միջեւ գաղափարական վեճ կար. Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ առանց ԼՂ հակամարտության լուծման հայ-թուրքական սահմանը չի բացվի, իսկ առանց սահանի բացման տնտեսությունը չի զարգանա։ «Իմ մոտեցումն այն էր, որ մենք չենք անում անհրաժեշտ քայլեր զարգանալու համար»,- հավելեց Քոչարյանը։
Եվ ի՞նչ անհրաժեշտ քայլեր արեց Քոչարյանը, որ փակ սահմանների պայմաններում Հայաստանի տնտեսությունը զարգանար։ Տիգրան Սարգսյանի բնութագրած տնտեսական փուչիկը չհաշված՝ գրեթե ոչինչ։ Չզարգացրեց արդյունաբերությունն ու արտադրությունը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, արտաքին առեւտրի մեջ չավելացրեց արտահանման բաժինը։ Հակառակը, արտադրության ու արտահանման փոխարեն այդ տարիներին կտրուկ ավելացավ ներմուծումը. այդպես փող աշխատելն ավելի հեշտ էր։
Իսկ կայի՞ն ներդրումներ։ Իհարկե։ Կառուցվեցին հյուրանոցներ, ռեստորաններ, կանաչ գոտու հաշվին՝ սրճարաններ, մի խոսքով, ինչպես ինքն էր ասում, պատիվ տալու օբյեկտներ։ Ուրիշ ոչինչ։ Կայի՞ն արդյոք օտարերկրյա ներդրումներ։ Իհարկե, ոչ։ Ռուսաստանն էր որոշակի գումարներ ծախսում էներգետիկայի ոլորտում, բայց դա իր գրպանից չէր հանում՝ Հայաստանի բնակիչների վրա վաճառում էր գազ ու էլեկտրաէներգիա եւ ստացած շահույթով ինչ-որ գործ անում այդ նույն բնագավառներում։ Ուրիշ ներդրումներ գրեթե չկային։
Այլ հարց է, որ այն ժամանակվա պաշտոնյաները օֆշորային գոտիներում ընկերություններ էին գրանցում, թալանած գումարները պտտելով՝ հետ էին բերում, այստեղ ինչ-որ բիզնես ստեղծում ու անունը դնում օտարերկրյա ներդրում՝ դրանք հպարտորեն մտցնելով երկրի վիճակագրական տվյալների մեջ։ Ինչպես հետո պարզվեց, օտարերկրյա ներդրումներ չէին «Գոլդեն Փելես», «Կոնգրես» ու այլ հյուրանոցները։
Այդ ո՞ր օտարերկրյա գործարարը չորս հարեւաններից երկուսի հետ փակ սահմաններ ունեցող, արտահանման բավարար լոգիստիկ հնարավորություններ չունեցող, կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ներդրում կաներ։
Հիմա, երբ սահմանները բացելու ակնկալիքների մասին է խոսք գնում, աշխարհի գերտերությունները փորձում են այստեղ հնարավորինս շատ ազդեցություն ունենալ կամ մեծացնել ազդեցությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանը շատ հարմար գոտի է Արեւելք-Արեւմուտք ապրանքաշրջանառության համար։ Եթե Հայաստանին հաջողվի լինել այդ տարանցիկ գոտին, դա արդեն մեր երկրին խոշոր ներդրումներ կապահովի։ Այդ ամենը գերազանց գիտեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց Հայաստանը կորցրեց այդ հնարավորությունը Քոչարյանի կառավարման ժամանակ։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։