Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ մտադիր է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում օգտագործել վետոյի իրավունքը՝ արգելափակելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը ռազմաքաղաքական դաշինք, եթե նրանց՝ ՆԱՏՕ ընդունվելու հրավերը երկրների ղեկավարների մակարդակով ուղարկվի։ Ստոկհոլմի ու Հելսինկիի՝ Դաշինքին միանալու հեռանկարը նա «վտանգավոր խաբեություն» է անվանել:
Միլանովիչը միաժամանակ ընդգծել է, որ ինքը միգուցե անկարող լինի ազդելու իրավիճակի վրա, եթե Հելսինկիի եւ Ստոկհոլմի հրավերն ուղարկվի ավելի ցածր քաղաքական՝ դեսպանների կամ արտգործնախարարների մակարդակով։ Նա նշել է, թե այդ դեպքում հազիվ թե կարողանա Խորվաթիայի դեսպանին համոզել դեմ քվեարկել: Ընդ որում, որոշումը պետք է վավերացնի նաեւ Խորվաթիայի խորհրդարանը:
Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ կետով՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է համաձայնություն տան նոր անդամի ընդունման հարցում: Խորվաթիան ՆԱՏՕ-ի կազմում է 2009-ից: ՆԱՏՕ ընդունել որոշում է Հյուսիսատլանտյան խորհուրդը: Խորհուրդը նիստեր է անցկացնում ինչպես երկրների ղեկավարների մակարդակով (այդ դեպքում հավաքը կոչվում է գագաթնաժողով), այնպես էլ՝ մշտական ներկայացուցիչների (Խորվաթիայի հատուկ ներկայացուցիչը դեսպանն է): Թե՛ երկրների ղեկավարների, թե՛ հատուկ ներկայացուցիչների որոշումները համանման կշիռ ունեն:
Այսպիսով ՆԱՏՕ-ն կարող է նոր անդամ ընդունել նաեւ առանց Խորվաթիայի նախագահի համաձայնության:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 28-30-ը Մադրիդում։ Ըստ դաշինքի մամուլի ծառայության՝ առաջնորդների հանդիպումը կղեկավարի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը IFEMA խոշոր ցուցահանդեսային կենտրոնում։ Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրն ավանդաբար կհրապարակվի միջոցառմանը մոտ ժամանակահատվածում։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը