ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Երեւանում անցկացվող հավաքի վերաբերյալ՝ ընդգծելով, թե հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Երեւան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ եւ դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը եւ հարկադրել կատարելու որեւէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը»:
Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացրել է հավաքի կազմակերպիչներին եւ դրանց մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից՝ շեշտելով, որ հակառակ պարագայում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կազմակերպիչների վրա է:
Ծառայությունը բոլոր օրինապաշտ քաղաքացիներին հորդորել է տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլերից, այլապես «հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»:
ՀՀ ոստիկանությունը եւս հաղորդագրություն է տարածել ԱԺ նիստի ընթացքում հակաօրինական գործողություններ իրականացնելու՝ ԱԺ շենքը զավթելու եւ այդ կերպ հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը խաթարելու մասին՝ կոչ անելով ձեռնպահ մնալու հակաօրինական գործողություններից՝ նշելով, որ հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն ե՛ւ հավաքի կազմակերպիչները, ե՛ւ սադրանքին տրված քաղաքացիները: