Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդական Արշակ Մուսախանյանը եւ Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին։
Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ կողմերը քննարկել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության ոլորտները։
Ղարիբաշվիլին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւորությունը։ Վրաստանի վարչապետը շեշտել է, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով Վրաստանը պատրաստ է նպաստելու տարածաշրջանային երկխոսությանը` խթանելու երկրների տնտեսությունը, առեւտուրը, մշակույթը եւ այլ ոլորտներ: Հանդիպման օրակարգի հիմնական հարցը վարչապետի «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունն էր՝ որպես երկխոսության կարեւոր հարթակ։
Կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ տարին առանձնահատուկ է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։