Մոսկվան սպառնացել է ոչնչացնել Ուկրաինայի համար սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք տեղափոխել Ուկրաինա:
«Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է ոչնչացման օրինական թիրախ», — հեռավար խորհրդակցությանը շեշտել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարը նաեւ մանրամասներ է հաղորդել շաբաթներ շարունակ ռուսական զորքի կողմից պաշարված Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա ասել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտին ներկայում հանձնվելուց հրաժարվող հարյուրավոր ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է։
«Ազգայնականներին ուղղված բազմաթիվ առաջարկները՝ ազատ արձակել խաղաղ բնակիչներին եւ վայր դնել զենքերը՝ կյանքի պահպանման եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքով, նրանք անտեսել են»,- հայտարարել է Շոյգուն եւ հավելել, որ բանակցությունները շարունակվում են: