Թուրքիան շատ երկար տարիներ իր դիվանագիտական էներգիայի մեծ մասը ծախսել է այս [ցեղասպանության ճանաչումը կանխելու] ուղղությամբ։ Գուցե հենց դա էլ եղավ այս խնդրի ուռճացման պատճառը։ Ի վերջո, այո՛, ընդունվեց, Ջո Բայդենն ասաց, սա մի փոքր ազդեց թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, բացասական ազդեցություն ունեցավ, բայց թուրք-ամերիկյան հարաբերություններում միակ թեման, իհարկե, Հայոց ցեղասպանության հարցը չէ։
Որոշ ժամանակ առաջ մի մասնագետի հետ էի զրուցում, աշխարհում ԱՄՆ-ի համար որպես ճգնաժամային նշում էր 23 կետ։ Դրանցից 16-17-ը վերաբերում է նաեւ Թուրքիային։ Անգամ Սոմալին է Թուրքիայի հետաքրքրության շրջանակում։ Հետեւաբար սա [ցեղասպանության հարցը] միակ թեման չէ։ Իմ կարծիքով սխալ էր տարիներ շարունակ սա քննարկել այնպես, կարծես միակ խնդիրն էր։ Ըստ իս՝ դա էր սխալը։ Մյուս կողմից՝ կարող ենք ասել, որ Թուրքիայի ուսերից մեծ բեռ ընկավ։ Տեսե՛ք, սրանից հետո Թուրքիա-Հայաստան հարաբերություններում լարվածության ինչ-որ անկում նկատվեց։
Սա [Բայդենի 2021 թվականի հայտարարությունը] իրավական, քաղաքական ոչ մի արդյունք չունեցավ, ոչ ոք դա չէր էլ ակնկալում։ Սա ավելի հոգեբանական երեւույթ էր, սոցիալ-հոգեբանական երեւույթ։ Եղավ ու անցավ։
Հիմա [կարգավորման գործընթացից] լավ բաներ պետք է ակնկալենք։ Մարդիկ չպատերազմեն, որովհետեւ երբ խաղաղություն է տիրում, տնտեսություններն են զարգանում, զոհեր չեն լինում, ավելի հանգիստ են ապրում, իրենց կյանքերին՝ արվեստին, մշակույթին, կրթությանն ավելի շատ ժամանակ են կարողանում տրամադրել։
Լավ ակնկալիքներ պետք է ունենանք։ Այս պահին տեսնում ենք, որ բոլոր կողմերում դրական մթնոլորտ է։ Իմաստ ունի անցյալը թողնել անցյալում։ Անցյալի վրա չպետք է կենտրոնանալ։ Բոլոր հասարակությունները, բոլոր ժողովուրդներն ունեն անցյալ, բոլոր ժողովուրդների անցյալներում տառապանքներ կան, տառապանք չունեցող ժողովուրդներ չկան։ Մի բան է դրանք հիշելը, մեկ այլ բան է դրանցով ապրելը։ Անցյալում ապրելն այլ բան է։ Երբ անցյալում եք ապրում, ի՞նչ է լինում, ողջ էներգիադ դրա վրա է ծախսվում։ Քիչ առաջ Թուրքիայի ավելի վաղ վարած քաղաքականության մասին խոսեցի։ Ողջ էներգիադ անցյալի վրա ես ծախսում, ապագայի համար ոչինչ չի մնում։ Կարծում եմ, որ իմաստ ունի նայել դեպի ապագան։