Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու եվրոպական երկրները պետք է մասնակցեն Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին։ Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը պատերազմում է ամբողջ Եվրոպայի համար։ Զելենսկին պնդել է նաեւ, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում տրամադրի Կիեւին։
«Ուկրաինային կպահանջվի 600 միլիարդ դոլար՝ տնտեսությունը եւ ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- մանրամասնել է Զելենսկին, խոստացել՝ երկիրն արագ կվերականգնվի եւ գրավիչ պայմաններ կապահովի օտարերկրյա ներդրողների համար։
Ընդգծելով Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը պետք է վերադառնա մինչեւ փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը։ Նա նաեւ կասկած է հայտնել Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների հաջողության վերաբերյալ։
«Քննարկվում են առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ռուսական կողմի հետ երկխոսությունը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ Ռուսաստանի նախագահը պաշտոնական հայտարարությամբ հանդես գա»,- նշել է Զելենսկին։
Նախօրեին Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Մոսկվայի՝ Կիեւի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ չնայած ուկրաինական կողմի ոչ հետեւողական գործելաոճին։