Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին եւ պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Վրաստանն ու Հայաստանը պաշտպանության ոլորտում բազմամյա փորձ ունեն, որը ներառում է տարբեր ձեւաչափերով գործունեություն։
Ընդգծվել է, որ այցի ընթացքում ստորագրված 2022 թվականի երկկողմ համագործակցության հուշագիրը ծառայելու է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
«Քննարկվել են տարածաշրջանի անվտանգության հարցերը։ Նշվել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը համաշխարհային անվտանգային միջավայրի վրա, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը։
Քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարեւանության նախաձեռնությունը», որը նախատեսում է երեք երկրների միջեւ երկխոսության ձեւաչափի ստեղծում եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանը մշտապես հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության եւ համակեցության օգտին եւ պատրաստ է նպաստելու տարածաշրջանային երկխոսությանը։
Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը եւ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։
Ստորագրվել է 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը
Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում հանդիպել է վրացի իր գործընկեր Բուրճուլաձեի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաեւ պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության եւ մարդու իրավունքների, սոցիալական ապահովման եւ այլ ուղղություններով:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը: