Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը իրականություն է: Ըստ Ալիեւի՝ ներկայում Զանգիլանի շրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր են իրականացվում։
«Կցանկանայի դրանցից նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը Զանգեզուրի միջանցքի հիմնական մասն է»,- շեշտել է Ալիեւը Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակված Վահիդ Հաջիեւի հետ հեռավար շփման ընթացքում։
Ալիեւը հավելել է, որ առաջիկա ամիսներին Զանգիլանում շահագործման կհանձնվի միջազգային օդանավակայան, որը կդառնա տնտեսական, տրանսպորտային եւ անվտանգության հարցերը լուծելու կարեւոր միջոց:
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, ե՛ւ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինի միջազգային երթուղի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների՝ Երեւանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։