Ամերիկյան Foreign Affairs-ի լրագրող Աննա Ռայդը ռուս-ուկրաինական պատերազմի թեմային անդրադառնալիս ասես դիմել է ռուս գրականության հավաքական ներկայացուցչի՝ Կոզմա Պրուտկովի օգնությանը՝ անսալով նրա «ըմբռնիր բուն էությունը» («зри в корень») խորհրդին: Նա պատմական շրջագայություն է կատարել մերթ հեռավոր, մերթ մոտ անցյալում՝ փորձելով պատմական ու բարոյական տեսանկյունից ըմբռնել Ուկրաինայի դեմ «հատուկ գործողություն» ձեռնարկած Պուտինի արկածախնդրության դրդապատճառները, բացահայտել նրա վերջնական՝ իրական նպատակը, որովհետեւ Պուտինի քայլերի նպատակը հենց Պուտինի բուն էությունն է՝ այդ նպատակին հասնելու ձգտման նախասահմանումը:
2022-ի փետրվարի 21-ի երեկոյան՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր եվրոպական մայրցամաք ամենամեծ ներխուժումից երեք օր առաջ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային խիստ ելույթ ունեցավ: Հնչեցին արդեն ծանոթ դժգոհություններ ՆԱՏՕ-ի արեւելյան ընդլայնման, ենթադրյալ ուկրաինական ագրեսիայի եւ Ռուսաստանի սահմանին արեւմտյան հրթիռների ներկայության մասին: Բայց իր երկարաշունչ ճառի հիմնական մասը նվիրված էր այլ բանի՝ Ուկրաինայի պատմությանը: «Ուկրաինան սոսկ հարեւան երկիր չէ մեզ համար,- ասել էր Պուտինը:- Դա մեր սեփական պատմության, մշակույթի եւ հոգեւոր տարածքի անքակտելի մասն է»: Նա հավաստիացրել էր, որ Ուկրաինայի սահմաններն ընդամենը նշում են Խորհրդային Միության նախկին վարչական բաժանումները: «Ռուսաստանն է ամբողջովին ստեղծել ժամանակակից Ուկրաինան»:
Արեւմուտքում շատերի համար Պուտինի պատմական պահանջները տարօրինակ էին հնչում, բայց դրանց առօրեական նշանակություն տրվեցին:
Դեռեւս Մայդանի ժողովրդական ապստամբության ժամանակ՝ 2013-2014 թվականներին, Պուտինը պնդում էր, որ հսկայական բողոքի շարժումը առաջնորդում են արեւմտյան ֆաշիստները, որոնք փորձում են կտրել Ուկրաինային իր պատմական արմատներից: Իրականում բողոքի ցույցերն անսպասելի էին Արեւմուտքի համար, ու թեեւ դրանք ունեին ծայրահեղ աջ ուղղվածություն, սակայն ֆաշիզմի հետ ոչ մի առնչություն չունեին:
2021-ի հուլիսին՝ մինչեւ Ուկրաինայի սահմանին ռուսական ուժերի կուտակումը, Կրեմլը Պուտինի հովանու ներքո հրապարակեց «Ռուսների եւ ուկրաինացիների պատմական կապերի մասին» վերնագրով 7000 բառանոց մի թեզ, ըստ որի՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ոչ միայն ընդհանուր արմատներ ունեն լեզվի եւ հավատքի առումով, այլեւ պատմականորեն ընդհանուր ճակատագրեր: Հրապարակումից ի վեր այդ հոդվածը Ռուսաստանի զինված ուժերի ծառայությունների բոլոր անդամների համար ուսումնական ծրագրերի կարեւոր մաս է դարձել:
Պուտինի տրամաբանությամբ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բոլոր տեսակի տարաձայնությունների թիկունքում կանգնած են արեւմտյան տերությունները:
Տասնվեցերորդ դարի Լեհաստանից սկսած ընդհուպ տասնիներորդ դարի Ավստրո-Հունգարիայի կայսրություն եւ Երկրորդ աշխարհամարտի նացիստներ պարբերաբար նվաճել ու ավերել են Ուկրաինան:
«Ուկրաինայի ինքնության հարկադիր փոփոխությունը,- գրել էր Պուտինը,- կարելի է համեմատել մեր դեմ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հետ»: Մեր դեմ ասելով՝ Պուտինը նկատի ուներ Ռուսաստանը՝ Ուկրաինայի հետ միասին: Այլ կերպ ասած՝ ուկրաինացիները եւ Ուկրաինան Ռուսաստանի մաս չեն անգամ. իրականում նրանք նույնիսկ գոյություն չունեն:
«Ուկրաինան իրականում գոյություն չունի» թեման, Կրեմլի պնդմամբ, այն է, որ Ուկրաինան ինչ էլ նախաձեռնի, կանխավ ձախողված է: Ըստ այդ տեսակետի՝ Ուկրաինան հզոր հարեւանների ձեռքով մասնատվելու է:
Սա էր ընկած Պուտինի քարոզչության հիմքում, երբ վերջին անգամ՝ Կիեւում Մայդանի բողոքի ցույցերից հետո, նա ներխուժեց Ուկրաինա եւ բռնազավթեց Ղրիմն ու Դոնբասը: Այնուհետեւ Ռուսաստանի պետական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ուկրաինան նեոնացիստական խունտայի ազդեցության տակ ընկած ձախողված պետություն է, եւ ռուսական ուժերը ձգտում են փրկելու այն:
Պուտինի մերձավոր խորհրդականը՝ ամբողջ քարոզչությունը ղեկավարող ստրատեգ Վլադիսլավ Սուրկովը, անցյալ տարի այս թեմային անդրադարձավ Financial Times-ին տված հարցազրույցում: Տարօրինակ անալոգիա օգտագործելով՝ նա պնդեց, թե Ուկրաինան նման է երկու ոսկորների արանքում գտնվող «փափուկ հյուսվածքի», որին որքան շատ սեղմեն, այնքան շփումը ցավոտ է լինելու:
Միավորելով Ռուսաստանը
Ուկրաինայի անցյալի հանդեպ Պուտինի մոլուցքը պայմանավորված է Խորհրդային Միության փլուզման ցնցումով: 300 տարի շարունակ՝ մինչեւ 1991 թվականը, այսօրվա Ուկրաինայի մեծ մասը եղել է Ռուսաստանի ղեկավարության տակ, այնպես, ինչպես Անգլիան էր ղեկավարում Շոտլանդիան: ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին նկատել է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանն այլեւս կայսրություն չէ:
Սա բառացիորեն ճիշտ չէ: Ռուսաստանն այսօր էլ հսկայական բազմազգ կայսրություն է, որը ձգվում է հյուսիսային Ասիայի 3000 մղոն (4828,032 կմ) տարածքով՝ ներառելով ավելի քան տասնյակ ասիական ազգություններ՝ Վոլգա գետի 5,3 միլիոն թաթարներից մինչեւ Բերինգի նեղուցի մի քանի հազար չուկչաները: Բայց Խորհրդային Միության փլուզումից եւ Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո Մոսկվան կորցրեց իր արեւմուտքը:
Պուտինի համար Ռուսաստանի Եվրոպական կայսրությունն ամենակարեւորն էր: Բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը 1917-ի հեղափոխությունից հետո հայտարարեց, թե երկիրը միշտ եղել է եվրոպական, ոչ թե ասիական: Ռուսաստանի մեծ կոմպոզիտորները, վիպասաններն ու նկարիչները եվրոպական են իրենց արժեքային կողմնորոշմամբ, Նապոլեոնի եւ Հիտլերի դեմ պատմական հաղթանակները Ռուսաստանը դարձնում էին Եվրոպայում գլխավոր պետություններից մեկը:
Ռուսաստանին հետ մղելը դեպի սոճու մռայլ անտառներ՝ Օդեսայի եւ Սեւաստոպոլի նման քաղաքներից հեռու, եւ մասնավորապես, Ուկրաինայի կորուստը, խոցում են նրա ինքնասիրությունը:
Ռուսաստանի ուկրաինական խնդրի հիմքում ընկած պատերազմը պատմական անցյալ ունի
Պայմանականորեն պատմությունը սկսվում է միջնադարի լեգենդար առաջնորդ Վլադիմիր (Վոլոդիմիր) Մեծի ժամանակից:
Սկանդինավիայի նորվեգացի առեւտրականների ժառանգորդ Վլադիմիրը տասներորդ դարի վերջում հիմնեց Կիեւի առաջին պետությունը, որը հայտնի է Կիեւյան Ռուսիա անվանումով: Այն ներառում էր այսօրվա Բելառուսը, Հյուսիսարեւմտյան Ռուսաստանը եւ Ուկրաինայի մեծ մասը: Վլադիմիրը դրեց նաեւ հոգեւոր հիմքերը՝ ընդունելով ուղղափառ քրիստոնեությունը:
Թեեւ ռուսները եւ ուկրաինացիները համակարծիք են Վլադիմիրի կարեւորության առումով, նրանք տարաձայնություններ ունեն նրա թագավորության փլուզումից հետո տեղի ունեցածի վերաբերյալ: Տասնմեկերորդ եւ տասներկուերորդ դարերի ընթացքում այն մասնատվել է պատերազմող իշխանների միջեւ եւ տասներեքերորդ դարում անցել մոնղոլական Բաթու խանի ղեկավարության տակ:
Ուկրաինացիները պնդում են, որ Ռուսիայի մշակույթը մնացել է Ուկրաինայի սահմանների ներսում, եւ այն, ինչ ի հայտ եկավ Մոսկվայում, բոլորովին այլ ավանդույթ էր:
Արեւմուտքի մարդկանց համար փաստարկը, կարծես, չնչին կարեւորություն ունի: Նույնն է, եթե ֆրանսիացիներն ու գերմանացիները մարտի բռնվեն այն բանի համար, թե իններորդ դարի Քերոլինգյան կայսրության հիմնադիր Չարլամենն ում է պատկանում՝ ժամանակակից Ֆրանսիայի՞ն, թե՞ ժամանակակից Գերմանիային:
Իրականում Վլադիմիրի թագավորության անկումից հետո հաջորդ յոթ դարերի ընթացքում Ուկրաինան մոսկովյան վերահսկողությունից դուրս է եղել:
Ուկրաինայի ազգային շարժումը սկսվել է 1840-ականներից, որը ղեկավարում էր ուկրաինացի գրող Տարաս Շեւչենկոն: Նա ուկրաինացիներին հորդորում էր դուրս գալ ռուսական լծի տակից, ինչի համար նրան աքսորեցին Սիբիր:
Երբ ցարական ռեժիմը 1917-ին տապալվեց, ուկրաինական խորհրդարանական՝ Ռադայի կառավարություն հաստատվեց Կիեւում, բայց ընդամենը մի քանի ամիս անց բոլշեւիկյան միլիցիան գրավեց իշխանությունը, իսկ հետագայում 1918-ի մարտի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով գերմանական բանակը ներխուժեց Ուկրաինա:
Նոյեմբերի զինադադարի պայմանագրով վերջ դրվեց Առաջին համաշխարհային պատերազմին, եւ Գերմանիան դուրս եկավ երկրից՝ այնտեղ թողնելով Կարմիր բանակը, ռեակցիոն ռուսական սպիտակ բանակը, լեհական բանակը եւ ուկրաինական բանակը Ռադայի սոցիալիստ նախարար Սիմոն Պետլյուրայի ղեկավարությամբ: Ռուսների համար նա ընդամենը մեկ այլ ջարդարար մարտիկ էր:
Ուկրաինացիների համար Պետլյուրան երկրի անկախ պետականության պայքարի առաջնորդն էր, որը հաջողության կհասներ, եթե դաշնակիցները նույն դիվանագիտական եւ ռազմական աջակցությունը ցուցաբերեին, ինչը արեցին Բալթյան երկրների եւ (նվազ հաջողությամբ) հայերի, ադրբեջանցիների ու վրացիների նկատմամբ:
Փաստորեն, Պետլյուրայի դարաշրջանի բռնությունն ու քաոսը պարզապես նախերգանք էին հետագա տարիներին ուկրաինական շատ ավելի մեծ ողբերգությունների համար:
1929-ից սկսած՝ Իոսիֆ Ստալինը իրականացրեց «Հոլոդոմորը», բառացիորեն «սովասպանդ», բռնի տեղահանությունների եւ սննդի ու հողերի բռնագրավման ծրագիր, որն ուղղված էր Ուկրաինայի գյուղական բնակչության անընդհատ ջլատմանը: Այդ տարիներին մոտ չորս միլիոն ուկրաինացի մահացավ: Տասնամյակներ շարունակ թաքցված այս արտասովոր զանգվածային սպանություններն անկասկած միտումնավոր բնույթ են ունեցել. խորհրդային իշխանությունները գիտեին, որ մեծ թվով գյուղացիներ են մահանում, սակայն նրանք համառորեն շարունակում էին սննդի բռնագրավումն ու նրանց արգելում հեռանալ քաղաքային վայրեր:
Թե ինչու Ստալինը սովի մատնեց մարդկանց, այնքան էլ պարզ չէ: Մոտ երեք միլիոն ղազախներ եւ ռուսներ նույնպես սովամահ են եղել այդ նույն տարիներին, բայց Ստալինը նախընտրեց ամենաուժեղ հարվածը հասցնել Ուկրաինային:
Պատրաստեց Կարինե Դավոյանը