«Эхо Кавказа»-ի բլոգեր Թենգիզ Աբլոտիայի «Բորենկան եւ Ուկրաինան» հոդվածը Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վերլուծության փորձ է։ Հեղինակի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանքի» համար ռուսական հարատեւ վտանգն ընդամենը քաղաքական հարմարավետություն է, իսկ Ուկրաինայի օրինակը՝ վտանգավոր։
Սկզբում մտադիր էի գրել «Վրացական երազանքի» մասին, բայց որոշեցի, որ չարժե, բոլորս էլ լավ գիտենք, որ իրականում ոչ մի «երազանք» էլ չկա, եւ դա պարզապես սպասարկուների մի խումբ է, որոնք հավաքվել են կատարելու իրենց տիրոջ ցանկությունները, ուստի նրանց կարծիքը նշանակություն չունի։ «ՎԵ»-ում միայն մեկ կարծիք կա՝ Բիձինա Իվանիշվիլիինը կամ, ինչպես նրան քնքշորեն անվանում է ռուս միլիարդատեր Եվտուշենկովը, «Բորենկայինը»։
Այնպես որ, համոզված եմ, Բորենկան ցանկանում է այս պատերազմում Ուկրաինայի պարտությունը։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրա ցանկությունները մի բան են, իրական գործողությունները՝ այլ։
Նույնիսկ Մոսկվայի համար լավագույն՝ նախապատերազմյան ժամանակներում «ՎԵ»-ն փորձում էր նստել երկու աթոռի վրա, եւ դա նրան լավ էլ հաջողվում էր, բայց հիմա, երբ Ռուսաստանն աշխարհում արագորեն կորցնում է կշիռը, բացարձակ անհեթեթություն է նրան կողմնակից լինելը։
«Երազանքի» կողմնակիցներն այժմ կսկսեն հերքել ամեն ինչ եւ կներկայացնեն Ուկրաինային աջակցելուն ուղղված իրենց գործողությունների երկար ցանկը։ Բայց ես հիմա չեմ խոսում գործողությունների մասին, այլ ներքին, թաքնված մի բանի, որի մասին շատերը նույնիսկ իրենք իրենց չեն խոստովանում:
Հետեւաբար, այո՛, ես շարունակում եմ պնդել. Բորենկան եւ նրա ամենաակտիվ ու պնդաճակատ «երազողների» հատվածը հավանաբար ցանկանում են, որ Ուկրաինան պարտվի այս պատերազմում։ Ամենեւին ոչ այն պատճառով, որ նրանք հավատում են ուկրաինական ֆաշիզմի մասին զառանցանքներին եւ ռուսական աշխարհի մեծության մասին անհեթեթություններին:
Նրանք ցանկանում են Ուկրաինայի պարտությունը, քանի որ այս պատերազմում Ռուսաստանի պարտությունը «Երազանքի» համար կնշանակի դուրս գալ հարմարավետության գոտուց եւ վերանայել իրենց քաղաքականությունը։
Բանն այն է, որ «Վրացական երազանքը» սովոր է ապրել եւ գործել մի աշխարհում, որտեղ Ռուսաստանն անպարտելի է, վտանգավոր եւ անկանխատեսելի, մի աշխարհում, որտեղ Վրաստանը ռուսական ագրեսիայի պոտենցիալ թիրախներից է: Այս այլասերված աշխարհում «երազողները» շատ հարմար տեղավորվել են, իսկ իրենց ներքին քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է բնակչությանը ռուսական սպառնալիքով վախեցնելուն։
«Դուք, ինչ է, պատերա՞զմ եք ուզում։ Եթե իշխանության գա ընդդիմությունը, նա մեզ կներքաշի պատերազմի մեջ»,- այս թեզն ի հայտ է եկել 2022-ի փետրվարի 24-ից շատ առաջ, եւ պատերազմի խուճապային վախը համառորեն մխրճվել է բնակչության ուղեղում այն ինը տարվա ընթացքում, երբ Բորենկան եւ նրա կրկեսը եղել են իշխանության:
Սա մի ամբողջ գաղափարախոսություն է, որի նպատակն է ազգին զրկել կրքոտ պայքարից, էներգիայից, զարգացման ձգտումից եւ դիմադրելու պատրաստակամությունից։
Իդեալական հասարակությունը, ըստ «ՎԵ»-ի, ճնշված, ահաբեկված ստոր մարդիկ են, որոնք ատում են միմյանց, ունակ չեն ինքնակազմակերպվելու եւ ապրում են «էդ ուղտն իմ դռանը չի չոքի» սկզբունքով։
«Մենք փոքր ենք եւ հիմար, ոչինչ չենք կարող անել», «Պետք չէ ավելորդ անգամ ձայն բարձրացնել, մեզ կարող են նկատել», «Մենք թույլ տնտեսություն ունենք, բացի Ռուսաստանից, ոչ ոք մեր ապրանքը չի գնի» պարտվողական թեզերը նոր գույներով ծաղկեցին ուկրաինական պատերազմի ժամանակ. «Ծաղրածու Զելենսկին իր ժողովրդին հարվածի տակ դրեց», «Ի՛նչ է, ուզում եք, ինչպես Ուկրաինայո՞ւմ», «Խեղճ ուկրաինացի ժողովուրդ, ինչպես են տառապում, չէ՞ր կարելի խուսափել դրանից»:
Պետական հեռուստաալիքներով խոսում են իշխանության սպասավորների գնդակադիմացկուն ներկայացուցիչները եւ հասարակ «երազողներին» բացատրում, որ իրականում Ուկրաինան չի կարող հաղթել այս պատերազմում, որ երկիրը կկործանվի, եւ արժե՞ր արդյոք այդպիսի գին վճարել։
Այս ամբողջ նողկալի քարոզչության մեջ ակնարկը նույնն է․ եթե մենք չլինենք իշխանության, պատերազմ կլինի։ Իսկ մենք պատերազմին չենք դիմանա, որովհետեւ փոքր ենք եւ հիմար…
Քարոզչությունն աշխատում է գերազանց. որպես կանոն, ընդհանուր թեզերը մշակվում են ինչ-որ տեղ Բորենկայի շրջապատում, հետո դրանք փոխանցվում են կուսակցական ակտիվի եւ պետական ապարատի միջին օղակներին, եւ հենց այնտեղ, կարծես անտեսանելի դիրիժորի փայտիկին հետեւելով, հազարավոր ձայներ սոցցանցերում սկսում են նույն մեղեդին երգել․ «Ի՛նչ է, պատերա՞զմ եք ուզում», «Ծաղրածու Զելենսկին կործանում է Ուկրաինան», «Մեզ դա պետք չէ»…
Հետեւանքն ակնհայտ է․ այսօր Վրաստանը լիովին պառակտված, որեւէ հիմքից զուրկ, կղզիացած հասարակություն է, որը կորցրել է զարգացման ձգտումն ու դիմադրելու կարողությունը։ Եթե վաղը ոչ թե ռուսները, այլ պարզապես աբխազները որոշեն հարձակվել, հանգիստ կհասնեն Քութայիսի։
Ուկրաինայի հաղթանակը Բորենկայի համար անցանկալի է նաեւ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Նա հաջողությամբ օգտագործեց Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի վախը եւ ճիշտ նույնն արեց միջազգային ասպարեզում. «Քանի դեռ մենք իշխանություն ենք, Ռուսաստանը մեզ վրա չի հարձակվի։ Դուք սատարո՞ւմ եք ընդդիմությանը։ Ինչ է, պատերա՞զմ եք ուզում»։
Մոսկվայի պարտության դեպքում այս կառույցը նույնպես կփլուզվի։ Երբ պատերազմի վտանգ չլինի, Արեւմուտքն ավելի ուշադիր կզննի Վրաստանին եւ, ի զարմանս իրեն, կտեսնի, որ այն ժողովրդավարության փարոս չէ, այլ ամոթալի, ստոր օլիգարխիկ ռեժիմ՝ մանր վաճառականի մակարդակի կառավարմամբ։
Ռուսաստանը «Երազանքի» համար անհարմարություն է, որին նրանք ընտելացել են, հետը գոյակցել եւ նույնիսկ զգալի օգուտներ ստացել։ Պուտինյան ֆաշիզմը փլուզվելուն պես «երազողները» կկորցնեն այն հիմնական լծակը, որով ինը տարի երկիրը վերածում են փոքրիկ, գավառական, ֆեոդալական թագավորության։
Դրա համար էլ երբեմն ճեղքում է տեղի ունենում. կարծես ամեն ինչ ասում են այնպես, ինչպես պետք է. ե՛ւ համերաշխություն են հայտնում, ե՛ւ իշխանամետ հեռուստաալիքները եթեր են դուրս գալիս ուկրաինական դրոշներով, ե՛ւ հրավիրված փորձագետներ են խոսում Ռուսաստանի ագրեսիայի մասին։ Թվում է, թե ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, բայց ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, ճշմարտությունը դուրս է ժայթքում․ «Ուկրաինան չկարողացավ կանխել պատերազմը»։
Հավանաբար, այո՛, չկարողացավ։ Հավանաբար ուկրաինացիները պետք է ավելի ուշադիր ուսումնասիրեին «Վրացական երազանքի» փորձը եւ թաթերը բարձրացնեին իրենց տարածքում ռուսական բանակի հայտնվելուց շատ առաջ։
Հոդվածի հեղինակ Թենգիզ Աբլոտիան ծնվել է 1970-ին, մինչեւ 17 տարեկանն ապրել է Սուխումում։ 1989-ին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ին մասնագիտական գործունեությունը սկսել է «Իպրինդա» լրատվական գործակալությունում։ Այնուհետեւ համագործակցել է Radio Russia-ի, BBC-ի ռուսական ծառայության, վրացական GBC-news բիզնես լրատվական գործակալության, PIK հեռուստաալիքի, բիզնես ռադիոյի «Կոմերսանտ»-ի եւ շատ ուրիշների հետ:
Պատրաստեց Կարինե Դավոյանը